«Իրանը վճռական է տրամադրված. ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն իրենց ելման դիրքեր». Գևորգ Պապոյան

95

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Իրանը թույլ չի տալու սահմանների փոփոխություն. մեկ անգամ չէ, որ այս մասին ամենաբարձր մակարդակներով զգուշացվել է Իրանի կողմից: Ի՞նչ կարող է դա իրենից ենթադրել, ի՞նչ պարզաբանումներ են արվել Իրանում: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Իրանից Հայաստան վերադարձած «Հայաստան-Իրան բարեկամական խմբի» նախագահ Գևորգ Պապոյանը:

«Դուք գիտեք, որ այս մասին Իրանի հոգևոր առաջնորդի կողմից է եղել հայտարարություն, երկրի նախագահի կողմից, Արտաքին գործերի նախարարի կողմից և բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, բայց ես ուրախությամբ նաև արձանագրեմ, որ խորհրդարանական համագործակցության շրջանակներում մենք նաև ունենք ընդունված փաստաթուղթ. սեպտեմբերի երկրորդ կեսին, Իրանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովը, որը, այսպիսի ձևակերպում ինձ թույլ տամ, ամենաազդեցիկ հանձնաժողովն է Իրանի մեջլիսի, ընդունել է հայտարարություն, փաստաթուղթ, որում ոչ միայն դատապարտել է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և կոչ է արել Ադրբեջանին, բնականաբար, հանել զորքերը, այլ նաև նշել է, որ ՀՀ իրավունք ունի և ցանկացած գնով կարող է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, և դա Իրանի համար շատ ընդունելի կլինի, որովհետև տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը Իրանի համար շատ կարևոր դերակատարում ունի:

Այս կոնտեքստում ևս մեր շահերը համընկնում են, որովհետև Իրանը նույնպես գտնում է, որ Ադրբեջանը ագրեսիայի է ենթարկել ՀՀ-ը, օկուպացրել է ՀՀ որոշ տարածքներ և համարում եմ, որ վճռական են տրամադրված, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն իրենց ելման դիրքեր,և այն միջազգային սահմանները, որոնք կան Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց Գևորգ Պապոյանը: