Ադրբեջանը եղածի վրա կանգ չի առնելու ու պատրաստվում է նոր գործողությունների. ադրբեջանագետ

128

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է Politico-ի հոդվածին։

Հիշեցնենք, ըստ հոդվածի անանուն աղբյուրի, Բլինքենը զգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան․

«Երեկ «Politico»–ն հրապարակվել է հոդված, որտեղ նշված է, որ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում»։

Դրանից հետո «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հարցում է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարություն, որտեղ փաստացի չեն հերքել «Politico»–ի հոդվածը»:

Պատասխանում նշված է. «ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»:

«Politico»–ի հոդվածից բացի մի քանի փորձագետներով փաստերով ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը եղածի վրա կանգ չի առնելու ու պատրաստվում է նոր գործողությունների: Բայց, որոշում կայացնողների համար գերադասելի է չտեսնել այս պարզ իրողությունը: Հստակ քայլեր ձեռնարկելու փոխարեն, մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաղաքապետարանում միջոցառման է մասնակցում՝ վատնելով շատ թանկ ժամանակ: Լավ ինչպե՞ս բացատրել սա, ի՞նչ հիմնավորում կարող է ունենալ այս հանցավոր անգործությունը:

Փորձենք նայել մեզանից ոչ շատ հեռու Իսրայելի ու Պաղեստինի միջև ընթացող գործընթացներին: Պաղեստինը հանդես է գալիս աշխարհի ամենառազմականացված պետություններից մեկի՝ Իսրայելի դեմ: Իսրայելին օգնողների պակաս էլ աշխարհում չկա: Բայց նույն Պաղեստինում ջրատար խողովակներից հրթիռներ են պատրաստում ու պայքարում այդ ռազմականացված պետության դեմ: Այս օրինակը բերում եմ, որպեսզի շեշտեմ ուժերի փոխդասավորությունն ու ու արվող քայլերը:

Մինչդեռ մեզ մոտ առավոտից երեկո քարոզվում է անզորության, անճարության թեզ, որն արդեն մտել է մարդկանց ուղեղների մեջ: Մենք ուղեղով են պարտվում նախևառաջ: Մեր զինվորը, որը կռվում է ու պատրաստ է անձնազոհության, վստահ չի, որ թիկունքում իր հաշվին թղթեր չեն ստորագրելու, վստահ չի, որ հետո հրաման չի գա զենքը հանձնել ու դուրս գալ իր պաշտպանած տարածքից, քանի որ վերջին երեք տարին հենց դրա ականատեսն ենք եղել՝ կռվում ենք, հետո հանձնվում ու տարածքներ կորցնում:

Կռվի ու պայքարի արժեզրկման այս մթնոլորտում էլ մեր դեմ գործողություններ են նախապատրաստվում: Երբ խոսում ենք վտանգի մասին ու ասում եկեք պատրաստվենք, ասում են խուճապ կտարածվի: Խուճապը դա անզորության ու չպատրաստվածության դեպքում է տարածվում, երբ պատրաստ ես ու ուժեղ, խուճապ լինել չի կարող: Պատերազմը կանխելու միակ ձևն էլ դա դրան պատրաստվելն է, այլ եղանակ չկա»,- գրել է ադրբեջանագետը։