Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում

ՀՀ ԱԺ  անկախ պատգամավորներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը եւ Աննա Գրիգորյանը   ապրիլի 26-ին գրության էին ուղարկել  ՀՀ Պաշտպանության նախարարություն` գերիների հետ կապված տեղեկություններ ստանալու և ՊՆ նախարարի հետ  հանդիպելու նպատակով։  ՊՆ-ից  գրությանն ի պատասխան պատգամավորներին հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում․ «Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում, ուստի նման հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար»։ 

Այս թեմային նաև  անդրադարձել է Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը, ով ցանկանում է նախարարից լսել, թե  այդ  դեպքում  ով է զբաղվում  գերիների խնդրով, եթե ոչ ՊՆ-ն։

«Ես հաշվում եմ, որ դա մի ճշմարտություն բացեց մեր հասարակության համար, որ իսկապես ՀՀ ՊՆ-ն  չի զբաղվում ռազմագերիների հարցով։ Մենք երևի թե պետք է շնորհակալ  լինենք նախարարին նման ճշմարիտ պատասխանի համար, որովհետև նա ընդունեց, որ ՊՆ-ն իսկապես  միայն ուղարկել է մեր տղաներին այնտեղ պատերազմելու և  հիմա այլևս չի զբաղվում ռազմագերիներով  և փաստորեն ստացվում է, որ ՊՆ-ն մտածում է, որ ռազմագերիների խնդիրը իրենցը չի։  Հետաքրքիր կլիներ  լսել նաև  նախարարի պարզաբանումը, թե այդ դեպքում գերիների խնդիրը ում խնդիրն է և ով է զբաղվելու այդ խնդրով եթե ոչ ՊՆ-ն»։ 

Սոնա Գիշյան

Orer.am