Հայերեն Russian

Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի մարտ և ապրիլ ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով:

Դրա համար նրանք դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի ապրիլի 10-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:

Ներկայացվող նախագծով կարգավորվում են 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2024 թվականի մարտ և ապրիլ ամիսների համար՝ 11 x 2 x 300.000=6.600.000 դրամ:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 6.600.000 դրամ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝