Անցած տարվա հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում հայտարարեց «Համահայկական ճակատ» շարժում ստեղծելու մասին, որին հետագայում միացան կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ:
Մեկ շաբաթ հետո Երևանում տեղի է ունենալու նույնանուն՝ «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարը, որի ստեղծումը չի նշանակում, որ շարժումը լուծարվում է, կամ դրան միացող ուժերն ու անհատներն են մտնում նորաստեղծ կուսակցության մեջ: Ընդհակառակը՝ նոր ստեղծվելիք կուսակցությունը ևս կմիանա շարժմանը:
Մեզ ավելի շատ հետաքրքրում է նոր կուսակցության ստեղծման նպատակը. ըստ Արշակ Կարապետյանի՝ այն ստեղծվում է՝ քաղաքական առաջիկա պրոցեսներին մասնակցելու համար, իսկ ինչ պրոցեսների մասին կարող է խոսք լինել:
Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանն, առաջիկա քաղաքական պրոցես ասելով, ի նկատի ունի արտահերթ պրոցեսները, որովհետև խորհրդարանական հերթական ընտրություններին դեռ երկու տարուց ավելի ժամանակ կա: Դժվար է պատկերացնել նաև, որ պաշտպանության նախկին նախարարը կուսակցություն է ստեղծում ինչ-որ համայնքային ընտրությունների մասնակցելու համար, հատկապես իր հայտարարությունից հետո, համաձայն որի՝ իր նպատակը գործող դավաճանական ռեժիմի հեռացման միջոցով Հայաստանի փրկությունն է: Հենց այդ նպատակի իրագործման նպատակով են նրա շուրջ համախմբվել «Համայակական ճակատ» շարժմանը միացած ուժերը: Նշանակում է՝ խոսքն արտահերթ քաղաքական պրոցեսների մասին է:
Արտահերթ պրոցեսների անհրաժեշտությունը կախված է օդի մեջ, որովհետև հերթականին Հայաստանը կարող է չհասնել, մինչ այդ Հայաստան կարող է և չլինել:
Փաշինյանն իր աթոռն ու իշխանությունը պահելու համար պատրաստ է Հայաստանը մաս-մաս հանձնել Ադրբեջանին, նա և նրա իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն առանց ամոթի և վախի հայտարարում են, որ հայկական այս կամ այն տարածքն ադրբեջանական է, և որ իրենք պատրաստ են դրանք հանձնել թշնամուն: Իսկ դիմադրողներին, չհամաձայնվողներին սպառնում են Ադրբեջանով, ասում են, եթե չհամաձայնվեք, Ադրբեջանը միևնույն է այդ տարածքները գրավելու է, իսկ բոլոր նրանք, ովքեր կդիմադրեն` կոչնչացվեն Ադրբեջանի կողմից: Ավելի լկտի ու թշնամական քարոզչություն սեփական երկրի և ժողովրդի դեմ դժվար է պատկերացնել:
Ո՞վ կարող է այս իրավիճակում կազմակերպել Հայաստանի դիմադրությունը և ապահովել մեր հաղթանակը. միանշանակ մարդ, ով ունի մարտական փորձ, ունի թշնամու դեմ կռվելու և հաղթելու փորձառություն: Արշակ Կարապետյանը հրապարակային հայտարարեց, որ Փաշինյանն իրեն Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացրել է միայն թշնամուն դիմադրելու հրաման տալու, և մեր տարածքը թշնամուց պաշտպանելու համար:
Փաշինյանն Արշակ Կարապետյանին հեռացրեց, որովհետև ինքն էր թյուրիմացաբար զբաղեցնում երկրի ղեկավարի պաշտոնը, հիմա եկել է ժամանակը, որ, Արշակ Կարապետյանի գլխավորությամբ հայ ժողովուրդը հեռացնի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Եվ, եթե Փաշինյանն Արշակ Կարապետյանին հեռացրեց պաշտոնից իր տերերին ծառայելու համար, իր պաշտոնը պահելու համար, ապա առաջիկայում սպասվող պայքարն իշխանության կամ պաշտոնի կռիվ չի լինելու, լինելու է պայքար հայրենիքը փրկելու, հայրենիք ունենալու մեր իրավունքը պաշտպանելու համար:
Առաքել Առաքելյան



