Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար կատարած այցից անցել է 10 օր։ Տավուշի սահմանամերձ համայնքում դեռ սպասում են, թե երբ է Փաշինյանը հետ դառնալու, որ իրենց լսի, հետագա անելիքները ներկայացնի։
Բանն այն է, որ Փաշինյանը Ոսկեպարում բնակիչներին վստահեցրել է, որ ինչ որոշում էլ լինի, լինելու է բացահայտ, այլ ոչ ժողովրդի թիկունքում։ Բայց և նշել էր, որ ամեն ինչ պետք է անել պատերազմից խուսափելու համար։ Նրա հայտարարությունները չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին բավականին կոշտ արձագանքի էին արժանացել։
Հիշեցնենք, որ նրա այցի հաջորդ օրը MediaHub-ն այցելել և ուղիղ եթերում աշխատում էր համայնքից։
Բնակիչները մեզ հետ զրույցում պատմում էին, որ Փաշինյանը Ոսկեպարից «մանթո» էր հետ դարձել։ Ինչևէ, բնակիչները նաև նշում էին, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, իրենց խոստացել է գալ ու ներկայացնել՝ ինչ է արվելու։
MediaHub-ն այսօր Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք որևէ լուր կա, թե երբ է Փաշինյանն իրենց այցելելու, կամ գոնե բանագնաց ուղարկե՞լ է։
«Չէ, ոչինչ չգիտեմ, չի եկել։ Հեն ա գիտենք, որ չի էլ գալու»,- ասաց համայնքապետը։
Աղբալյանն այլ բան չասաց, փորձեց զգուշավոր գտնվել։
Իսկ ահա Ոսկեպարի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ չեն էլ սպասում Փաշինյանին, իրենք իրենցն ասել են, կանգնելու ու մինչև վերջին շունչը պահելու են գյուղի վերևի հատվածում գտնվող հանձնվող տարածքը։
«Գա, ի՞նչ ասի։ Մենք մեր ասելիքն իրեն ասել ենք, ու լավ գիտեն, որ դրանից հետո մեր կողմ չի գալու։ Ինքը մեր վերաբերմունքն էլ տեսավ, կարծիքն էլ լսեց»,– նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է՝ սահմանագծումն ու սահմանազատումը, հնարավոր է, հենց Տավուշի մարզից էլ սկսվի։
Նարե Գնունի