Հայերեն Russian

Մարտի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

Սկիզբ է առնում հրեաների կողմից նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից` անդրանիկ զավակների կոտորածից: Համաձայն քրիստոնեական ուսմունքի` այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման` հանուն մարդկության փրկության: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Պողոս Առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8):

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է:Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա: Այս տարի Սուրբ Զատիկը նշվում է մարտի 31-ին:

Զատկի ավանդույթները

Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Որպես բնական գունանյութեր օգտագործվում են սոխի կճեպներ,սուրճ կամ զաֆրան։ Շատ քրիստոնյաներ պատրաստում են միայն կարմիր ներկած ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։ Ներկայումս հաճախ դրանք ներկվում են տարբեր գույներով։ Զատիկ կիրակվա նախորդ գիշերը, Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի ։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը ՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Գինին լցվում է մի կտոր նշխարի վրա, որպեսզի թաթախվի։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ արյունը, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ։

Զատիկ կիրակի եկեղեցու բակում և նաև Զատկի շրջակա օրերին, մանուկները (և երբեմն էլ մեծերը) «հավկիթ են խաղում»։ Այս խաղը տեղի է ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է մեկ ներկված հավկիթ, մեկ ծայրը դեպի վեր, մյուսն իր ներկված հավկթի նույն ծայրը (սուր կամ լայն) արագ իջեցնում է և խփում մյուսի հավկթին։ Հետո խաղը կրկնվում է նույն հավկիթների մյուս ծայրերով՝ բայց այս անգամ առաջինն է իջեցնողը և երկրորդը՝ պահողը։ Ում հավկիթը, որ չի կոտրվում, նա հաղթում է, և հաղթվածն իր հավկիթը տալիս է իրեն։ Եթե ամեն հավկթի մի ծայրն է կոտրվում, ապա մեկ անգամ ևս խաղում են հավկիթների անվնաս ծայրերով, որպեսզի որոշվի հաղթողը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝