Հայաստանում 2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել (2022 թվականին՝ 32)։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։
Նշված դեպքերից՝ հակառակորդի կողմից սպանություն` 19, սպանություն՝ 3, ավտովթարից` 2, վտանգ ներկայացնող ռազմամթերքի և այլ նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 17, անզգուշությամբ ինքնասպանության հասցնել՝ 5, ինքնասպանության հասցնել՝ 2, կայծակահարություն՝ 1, հոսանքահարում՝ 1, հիվանդություն`4:
«2023 թվականի ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահվան դեպքերի 22 դեպքով կամ 69 տոկոսով աճ (2022 թվականին՝ 32)։ Նշված ցուցանիշը պայմանավորող էական գործոն է հանդիսացել Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան դեպքը, ինչպես նաև աճ է գրանցվել հակառակորդի կողմից կատարված սպանությունների դեպքերի թվում (2022 թվականին՝ 14, 2023 թվականին՝ 19)։ Հաշվետու ժամանակաշրջանում ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 645 զինծառայող՝ նախորդ տարվա 959-ի դիմաց. նվազում է արձանագրվել 314-ով, կամ 33 տոկոսով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդորդման համաձայն՝ 67 զինծառայող ստացել է ծանր մարմնական վնասվածք (2022 թվականին՝ 71), 532-ը` միջին ծանրության, թեթև և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք (2022 թվականին՝ 679), իսկ 46-ի ծանրության աստիճանը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարզված չի եղել (2022 թվականին՝ 0):
«Վերոնշյալ 645-ից 343 կամ 53.1 տոկոս դեպքերով մարմնական վնասվածքը պատճառվել է հանցագործությունների հետևանքով (2022 թվականին՝ 380-ը կամ 39.6 տոկոսը)»,- նշված է գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։