«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ հրապարակվեցին «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնք բավական հետաքրքիր պատկեր են «գծագրում»: Մասնավորաբար, պետք է նշել, որ Հայաստանի քաղաքացիների գնահատման առումով Նիկոլ Փաշինյանն ունի պատմականորեն ամենացածր ցուցանիշը: Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը «լիովին դրական» գնահատել, իսկ 47,1 տոկոսը՝ «ընդհանրապես բացասական»։
Եթե սրան գումարենք, որ հարցվածների մոտ 20 տոկոսն էլ «ավելի շուտ բացասական» է գնահատել, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի աշխատանքն «ընդհանրապես բացասական» էր գնահատել հարցվածների 31,3 տոկոսը, «լիովին դրական»՝ 16,2 տոկոսը։ Քաղաքացիներին հարց է տրվել, թե «ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»: Այստեղ ևս խայտառակ պատկեր է. բացասական պատասխան է տվել 67 տոկոսը, և միայն 8,7 տոկոսն է միանշանակ դրական պատասխանել: Այս օրերին կարևորագույն թեմաներից մեկը կապված է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության հետ՝ Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս բնակավայրերը:
Հարցման մասնակիցների 79,7 տոկոսն այս մոտեցումն ընդհանրապես ընդունելի չի համարել, ևս 7,8 տոկոսը «ավելի շուտ անընդունելի» է համարել: Այսինքն, չնայած Նիկոլ Փաշինյանն Ալիևի անունից սպառնալիքներ էր հնչեցնում ու վախեցնում պատերազմով, միևնույնն է, մեր քաղաքացիների 87,5 տոկոսը արմատապես դեմ է Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը: Ի դեպ, այստեղ «փակագծերում» նշենք, որ երեկ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում բացարձակ անհիմն է համարել մեղադրանքներն այն մասին, թե իր երկիրը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Իհարկե, Ալիևի խոսքերին հավատ ընծայելու համար չափազանց միամիտ պետք է լինել, սակայն այստեղ ուշագրավ են Փաշինյանի «վախ ծախելու» հանգամանքն ու, ի հակադրություն դրա, մեր հասարակության հստակ դիրքորոշումը:
Հիշեցնենք նաև, որ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կգնա, կխոսի մարդկանց հետ, կբացատրի իրավիճակը, ավելին՝ նույնիսկ այցելեց Տավուշ, սակայն, չնայած դահլիճային հանդիպման համար հատուկ ընտրված կազմին, շատ վատ ընդունելության արժանացավ։ Նրա այցին նախորդել էր «Հայաքվե» նախաձեռնության անդամների՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ ակցիաները Ոսկեպարում և Բաղանիսում, այնուհետև տարածաշրջան այցելեցին խորհրդարանական ընդդիմության և այլ ուժերի ներկայացուցիչներ ու անհատներ: Փաշինյանի հայտարարությունից և այս այցերից հետո սահմանամերձ այս գյուղերը յուրահատուկ դիմադրության օջախներ են դարձել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում