Ժամկետներ չկան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան ժամկետներ, թե երբ պետք է հանձնվեն չորս գյուղերը, որոնք պահանջում է Ադրբեջանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմնակցությունը պայմանավորվածությունների կատարմանը պետք է արտացոլվի գրավոր համաձայնությամբ, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է կատարվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։
«Ներկա պահին սահմանազատման եւ սահմանագծման մասով որոշակիություն չկա, այլ մեկնաբանություններ տալ չեմ կարող։ Եթե լինեն պայմանավորվածություններ երկու կողմերից, ապա երկու կողմերը դա կհրապարակեն»,- ավելացրել է նա։
Կոստանյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է ներգրավված մնալ խաղաղ գործընթացում։
«Գործընթացը կանգնած չէ. այն կարելի է ավարտել, եթե Ադրբեջանը համաձայնի թղթի վրա ամրագրել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում 2023թ. մայիսին եւ հունիսին պետությունների ղեկավարների մակարդակով»,- ընդգծել է նա։