Հայերեն Russian

Ընդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին

Հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ժամանակ բավարարվում էր բացառապես «նստակյաց» պայքարի մեթոդներով. քննադատություններ սոցցանցերում, հարցազրույցներ և այլն: ԱԺ ընդդիմության պայքարն էլ խորհրդարանում իշխանական մեծամասնության կողմից մշտապես «լռեցվում» է:

Այս ամենը բավական պարարտ հող է իշխանականների ոտքի տակ՝ իրենց ուզածն անելու և իշխանության բարիքները վայելելու համար: Բայց հայտնի է, որ Հայաստանում, որպես կանոն, առավել արդյունավետ է հենց փողոցային պայքարը՝ իր բոլոր դրսևորումներով։

Մի կողմից՝ ընդդիմադիր միավորներին կարելի է մեղադրել պասիվ պայքարով Փաշինյանի իշխանության երկարաձգմանը նպաստելու մեջ, մյուս կողմից, սակայն, չի կարելի չգնահատել այն քայլերը, որ ընդդիմադիր տարբեր ուժեր ձեռնարկում են՝ փորձելով բարձրացնել հանրության դիմադրողականությունը և պայքարի հանել գործող վարչախմբի դեմ։

Այդ հարցում հատկապես ակտիվ են նոր ձևավորված քաղաքական միավորները: ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ներկայումս Մոսկվայում գտնվող Միհրան Պողոսյանի վերջերս ստեղծած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, թեև բավական նոր կազմավորում է, սակայն նախօրեին երթ է կազմակերպել Երևանում և՝ սկզբի համար բավական խոստումնալից ընթացքով ու կազմակերպվածությամբ։ Կուսակցության անդամները երթը սկսել են Մատենադարանից՝ «Ոսկեպարը Հայաստան է»,«Կութը Հայաստան է», «Կիրանցը Հայաստան է» պաստառներով, «Նիկոլ՝ դավաճան» և «Մեզ ծնկի իջած ղեկավար պետք չէ» վանկարկումներով։

Երևանի բնակիչները վաղուց փողոցներում չէին տեսել պայքարողների, և շատերը ոգևորությամբ միացան առաջին անգամվա համար բավական մարդաշատ երթին:

Այս միջոցառումը քաղաքական շրջանակներում քննարկումների թեմա դարձավ, իսկ ընդդիմադիր դաշտի համար «թարմ արյուն» էր: Հաշվի առնելով, որ կուսակցութունը նոր է հայտ ներկայացրել՝ ամրապնդվելու հայաստանյան քաղաքական դաշտում, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության այս երթը կարելի է քաղաքական առաջին և հաջողված դեբյուտ համարել։

Ըստ էության, ուշագրավ է, որ տարբեր ճանաչված, կապեր ունեցող և ազդեցիկ մարդիկ ի վերջո հանգում են գործող վարչախմբի դեմ լայն պայքար սկսելու մտադրությանը և իրենց առաքելությունն են համարում ժողովրդին թմբիրից հանելը։ Միայն ընդդիմադիր բոլոր զանգվածների համախմբման միջոցով կարելի է հասնել գործող վարչախմբի հեռացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝