«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 10-ին ռուսական Okko առցանց կինոթատրոնում կկայանա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան: Խոսքը 12 սերիանոց սերիալի մասին է, որը պատմում է Լեհաստանում ռուս դիվանագետների աշխատանքի մասին: Սերիալի ռեժիսորը Ֆելիքս Գերչիկովն է, բեմադրող օպերատորը՝ Անտոն Կոստրիմինը: Ֆիլմում նկարահանվել է դերասանական բավական տպավորիչ աստղաբույլ՝ Դմիտրի Միլլերը, Դմիտրի Կուլիչկովը, Վալերիա Շկիրանդոն, Կոնստանտին Կրյուկովը, Սերգեյ Յուշկերիչը և այլն:
Գլխավոր պրոդյուսերները ռուսական ամենահայտնի քաղաքական դետեկտիվներից մեկի՝ «Դեսպանատուն» ֆիլմի ստեղծողներն են՝ Վիկտոր Սողոմոնյանը և Միխայիլ Վոլոբուևը: Մեր ունեցած տեղեկություններով, «Վարշավա 21»-ը նրանց երրորդ համատեղ աշխատանքն է: Այս սերիալի հիմքում ընկած գործողությունները մտացածին են, սակայն, ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, պատմությունն ինքնին բավական հստակ է փոխանցում այն տրամադրությունները, որոնք վերջին մի քանի տարին դրսևորվում են աշխարհի քաղաքական քարտեզին:
«Այո, սերիալի իրադարձությունները կարող են լինել հնարած, բայց պատումների մթնոլորտն ինքնին պետք է համոզի դիտողին, որ էկրանին տեղի ունեցող իրադարձությունները եթե փաստավավերագրական էլ չեն, ապա առնվազն անհավանական արդիական են ու իրական կյանքին շատ մոտ», – իր հարցազրույցներից մեկում օրերս նշել է բեմադրող ռեժիսոր Ֆելիքս Գերչիկովը:
Ի դեպ, մասնագետների կարծիքով, այս ժանրը՝ քաղաքական դետեկտիվը, հազվադեպ է մասնավորաբար ռուսական ֆիլմարտադրության մեջ: Մեր ունեցած տեղեկություններով, ֆիլմը բավականին լարված սյուժե ու ենթատեքստային մեծ ասելիք ունի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում