Հայերեն Russian

Պուտին-Կիմ Չեն Ըն դեմ առ դեմ բանակցություններն ավարտվել են. ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Փհենյանում ավարտել են դեմ առ դեմ բանակցությունները։ Անձնական հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։ Բանակցությունների արդյունքում պետությունների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։

Փաստաթղթի բովանդակության մասին մանրամասներ դեռևս անհայտ են։ Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ համաձայնագիրը կձևավորի երկու երկրների հարաբերությունները «երկարաժամկետ հեռանկարում»: Ակնկալվում է, որ այն կփոխարինի այլ փաստաթղթերի՝ 1961 թվականի Բարեկամության և փոխօգնության պայմանագրին, 2000 թվականի Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության պայմանագրին, ինչպես նաև 2000 և 2001 թվականների Մոսկվայի և Փհենյանի հռչակագրերին:

ՌԴ նախագահը երկօրյա այցով ԿԺԴՀ է ժամանել նախօրեին։ Այսօր՝ հունիսի 19-ի առավոտյան, երկու երկրի ղեկավարները պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններ են վարել, որոնք տևել են ավելի քան մեկուկես ժամ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝