Հայերեն Russian

Հայաստանի «եվրաինտեգրման» խորշերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Հայաստանը կարողանում է օգտվել ԵԱՏՄ-ի՝ ինտեգրացիոն տնտեսական հարթակի ընձեռած մեխանիզմներից, ինչի արդյունավետ կիրառման արդյունքում մեր երկիրը հատկապես վերջին մի քանի տարիներին բարձր տնտեսական աճ է գրանցում։ Ժամանակի ընթացքում ԵԱՏՄ-ի տնտեսական հարթակը համագործակցության խորացման նոր հնարավորություններ է բացում, տնտեսական ու մաքսային բնույթի պայմանագրեր են կնքվում։ Օրինակ՝ ԵԱՏՄ երկրներն Իրանի հետ կնքեցին ազատ առևտրի համաձայնագիր։ Ներկայում, երբ Ռուսաստանն Արևմուտքի պատժամիջոցների ճնշման տակ է, Իրանի հետ կապվելու խնդիրն ավելի է կարևորում։ Իսկ ԵԱՏՄ-ի և Իրանի համագործակցության խորացումը մեծ հնարավորություն է ՀՀ–ի համար, քանի որ մեր երկիրը կապող օղակ է Իրանի և ՌԴ–ի միջև։ Այս հանգամանքը կարող է խթանող դերակատարություն ունենալ Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու կառուցման համար, քանի որ Ռուսաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքները հիմնականում այդ ճանապարհով են գնալու։

Իսկ Իրանի և ՌԴ–ի համար այս կարևոր առևտրային ճանապարհը կարող է նաև քաղաքականապես ամրապնդել Սյունիքի սահմանը՝ ինչ–որ տեսանկյունից նաև Հայաստանի անվտանգության համար երաշխիք ստեղծելով։ Սակայն այսօր իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները ռեալիզացնելու խնդիր կա։ Չի եղել որևէ դեպք, որ ՀՀ իշխանությունները դժգոհություն հայտնեն ԵԱՏՄ-ի հետ կապված կամ խոսեն այս կառույցին անդամակցությունը սառեցնելու մասին, ինչպես որ ՀԱՊԿ-ի դեպքում է։ Ավելին, ՀՀ իշխանությունները մեծ հոժարությամբ մասնակցում են ԵԱՏՄ-ի շրջանակներում նախատեսվող բոլոր նիստերին։ Իսկ Փաշինյանն էլ ընդգծում էր, թե ԵԱՏՄ-ն չպետք է ունենա աշխարհաքաղաքական օրակարգ։ Բայց նույնիսկ ԵԱՏՄ-ի հարթակից լիովին գոհ լինելու պարագայում ՀՀ իշխանությունները մեծ ակտիվությամբ առաջ են մղում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության թեման։

Փաշինյանն էլ հայտարարում է, թե կցանկանար, որ հենց այս տարի էլ Հայաստանը ԵՄ անդամ դառնար։ Վերջին շրջանում առավել «ոգևորված» արևմտամոլները իշխանությունների աջակցությամբ առաջ են մղում ԵՄ-ին միանալու թեմայով հանրաքվե անցկացնելու հարցը։ Օրերս էլ Ազգային ժողովում հրավիրվել էին խորհրդարանական լսումներ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Լսումների ժամանակ փորձում էին հիմնավորումներ գտնել, թե ԵՄ-ին ինտեգրվելը Հայաստանի համար ուղղակի «փրկություն» է։ Բայց փաստական վերլուծություն կատարելու դեպքում կարելի է տեսնել, որ լիովին անորոշ է, թե ընդհանրապես ինչ առավելություն է տալու ԵՄ անդամակցությունը Հայաստանին, երբ մեր տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Եթե Հայաստանը ԵՄ-ին անդամակցի, ապա պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որը մեր արտահանման հիմնական շուկան է։

Նույնիսկ հիմա ԵՄ-ն հայկական ապրանքների արտահանման համար նպաստավոր պայմաններ չի ստեղծում, ապա ինչպե՞ս է դա կատարվելու միանգամից, եթե, օրինակ՝ հանրաքվեում մարդիկ ինչ-որ հրաշքով կողմ քվեարկեն։ Եվ ընդհանրապես, սկսած էներգետիկ խնդիրներից՝ տնտեսական առումով բազմաթիվ հարցեր կան, որոնք բաց են մնում, ու ԵՄ-ն դրանք այս պահին ի վիճակի չէ լուծել։ Ու ոչ միայն այս պահին: Ճիշտ է՝ ԵՄ-ից պարբերաբար ֆինանսական միջոցներ են տրամադրում, բայց Բրյուսելից չեն օգնում ՀՀ-ում արտադրությունը զարգացնել ու արտահանմանն ուղղված տնտեսության համար ճանապարհ հաթելու նպատակով։ Այդ գումարները հիմնականում ուղղվում են քաղաքացիական հասարակության ուղղությամբ՝ տրամադրելով տարբեր ՀԿ-ների՝ ծրագրեր իրականացնելու համար։

Այլ հարց է, որ ԵՄ-ի անդամակցության հարցը մեծ հրատապությամբ օրակարգ բերելով՝ Հայաստանը միանգամից մտնում է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ, ինչը մեր երկրի համար ողբերգական հետևանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը խանդով է ընդունում Արևմուտքի մուտքը հետխորհրդային տարածաշրջան։ Մինչև հիմա Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը չեն անդամակցել ԵՄին։ Նոր են մեկնարկել Ուկրաինայի ու Մոլդովայի անդամակցության հարցով բանակցությունները, ու դեռ անհայտ է, թե ինչով դրանք կավարտվեն։ Անգամ խոսվում է Վրաստանի առաջ ԵՄ-ի դռները փակելու մասին, քանի որ այդ երկիրը փորձում է խուսափել աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելուց, ուր մնաց, որ Հայաստանի անդամակցության հարցը հեշտությամբ լուծվի։

Այնպես որ, այս իշխանությունները կա՛մ չհաշվարկված քայլեր են անում, իրենց սովորույթի համաձայն, կա՛մ էլ ընդամենը շոու է արվում ոչ միայն ներքին լսարանի, այլև դրսի համար, այդ թվում՝ ԵՄ-ի: Մյուս կարևոր հարցն այն է, որ ԵՄ-ի անդամակցության սոուսով ՀՀ իշխանությունները կարող են սահմանադրական փոփոխությունների թեման ներմուծել ու այդ ֆոնի վրա փոխել մեր Սահմանադրությունը, ինչին այդքան ձգտում է Ադրբեջանը ու այդ հարցն անընդհատ բարձրացնում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝