Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկուշաբթի հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, հայտնում է TV Pirveli-ն։
«Այսօր նախագահը «ռուսական» օրենքը վիճարկելու է Սահմանադրական դատարանում։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքն ապազգային է և անհամատեղելի է սահմանադրությանը։ Հայտնի է, որ եթե Սահմանադրական դատարանը ընդունի նախագահի հայցը, նրա շահերը կպաշտպանի Էկա Բեսելիան»,- հայտնում է հեռուստաընկերությունը։
Բեսելիան հեռուստաընկերության հետ զրույցում բացատրել է, որ նախագահը հայց կներկայացնի՝ պահանջելով պարզել, թե արդյոք ընդունված օրենքը համապատասխանում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Այս հոդվածը ենթադրում է, որ սահմանադրական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու երկրի լիարժեք ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։
«Հայցը պահանջում է կասեցնել նորմի գործունեությունը այնքան ժամանակ, քանի դեռ Սահմանադրական դատարանը էապես չի լուծել այս վեճը, այսինքն՝ սկզբնական փուլում կասեցվում է այս օրենքի գործողությունը», – ասել է Բեսելիան։
Հասարակական կազմակերպությունները ևս նախատեսում են երկուշաբթի հայց ներկայացնել Սահմանադրական դատարան։ ՀԿ-ի անդամները պնդում են, որ օրենքը հակասում է սահմանադրական հոդվածներին, որոնք վերաբերում են միավորման, հավասարության և գաղտնիության իրավունքներին:
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել Է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած զանգվածային փողոցային բողոքի ցույցերին։ Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին վետո է կիրառել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա՝ այն անվանելով «ռուսական» (համանման օրենք վերջերս ընդունվել է նաև Ռուսաստանում-Խմբ.) և «հակասահմանադրական»։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է օրենքը այն բանից հետո, երբ նախագահը հրաժարվել է դա անել։ Այն ժամանակ Պապուաշվիլին բացատրել է, որ օրենքը ստորագրելուց հետո 60 օրվա ընթացքում Վրաստանի արդարադատության նախարարությունը կմշակի բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը և կազմակերպությունների համար էլեկտրոնային պորտալ կստեղծի։
60 օր հետո այն կազմակերպությունները, որոնք ունեն զգալի արտասահմանյան ֆինանսավորում, պետք է գրանցվեն պորտալում և հայտարարագրեր ներկայացնեն:
Վրաստանում օրենքի ընդունումն առաջացրել է Արևմուտքի դժգոհությունը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարել են Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին. ամերիկյան կողմն արդեն չեղարկել է ծրագրված զորավարժությունները, իսկ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը։