Պետական բյուջեի եկամուտների աճի տեմպը դանդաղել է: Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2024թ. հունվար-մայիսին կազմել են 1,029.0 մլրդ դրամ՝ աճելով 7.7%-ով, որը հունվար-ապրիլի համեմատ ցածր է 1.6 տոկոսային կետով:
Համավարակն ու պատերազմը Հայաստանի կառավարությանը ստիպեցին մեծացնել ծախսերն ու ավելի շատ պարտք վերցնել։ Արդյունքում՝ 2020-ից պարտք /ՀՆԱ ցուցանիշը հատել է 63 տոկոսի շեմը։ 60 տոկոսն այն սահմանագիծն է, որից վերև պարտքը ռիսկային է համարվում։
Բյուջերի եկամուտների տեմպը, ըստ մի քանի հայտնի վերլուծությունների, հաճախ կապված է ծախսերի աճի և մեծ քանակի հետ։
Աճի տեմպի դանդաղման պատճառն ըստ տնտեսագետների, հաճախ Կառավարության այն որոշումներն են, որոնցով հավելյալ ֆինանսական հատկացումներ են իրականացվում, կամ պարզապես անխնա օգտագործում են պետական բյուջեն։
Բացի այդ հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի առաջնահերթություններով՝ 2024 թվականին նախատեսում էր.
- կենսաթոշակներին ուղղվող ծախսերի ավելացումը 28,8 մլրդ դրամով,
- առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի ապահովումը ՀՆԱ-ի նկատմամբ՝ համապատասխանաբար 1,6% և 2,7%,
- ժողովրդագրական վիճակի բարելավման գծով լրացուցիչ ծախսերի նախատեսումը 15 մլրդ ՀՀ դրամով,
Բյուջեի հատկացումների, պակասուրդի կամ աճի տեմպերի ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանի պետական բյուջեի ծախսն ավելի շատ է, քան եկամուտը։ Հենց աս պատճառով է, որ բյուջեի աճի տեմպերը վերջին ամիսներին նվազել են։
2023 թվականին, կանխատեսելով բյուջեի եկամուտների էական աճ, կառավարությունը ծրագրել է ավելի մեծ չափով մեծացնել ծախսերը և պակասուրդը:
Այսպես, կառավարության կանխատեսումների համաձայն՝ բյուջեի եկամուտները 2022 թվականին սպասվող ցուցանիշի համեմատ կաճեն շուրջ 11.3%՝ կազմելով 2,302.0 մլրդ դրամ: Պակասուրդը պլանավորվել է մեծացնել շուրջ 41.5%-ով՝ հասցնելով 288.9 մլրդ դրամի: Արդյունքում հնարավորություն կստեղծվի մեծացնել բյուջեի ընդհանուր ծախսերը շուրջ 15.3%-ով՝ հասցնելով մինչև 2,591.0 մլրդ դրամի: Պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում գերակշիռ դերը բաժին է ընկնում հարկային եկամուտներին՝ կազմելով ավելի քան 90%:
Ստացվում է, եթե Կառավարությունը ծրագրում է բյուջեի դեֆիցիտն ապահովվել հարկատուների եկամուտների հաշվին, ապա առաջիկայում հարկային տոկոսների նոր խստացման կարելի է սպասել։