Հայերեն Russian

Ածխաջրերի փոխարինումը ճարպերով կարող է բարձրացնել դիաբետի առաջացման հավանականությունը. DMS

Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները պարզել են, որ ճարպերի բարձր պարունակությամբ ցածր ածխաջրային դիետաները կարող են 20 տոկոսով բարձրացնել դիաբետի առաջացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են DMS (Diabetes & Metabolic Syndrome: Clinical Research & Reviews) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է Մելբուռնի 40-69 տարեկան 40 հազար բնակիչ։ Առաջին անգամ մասնակիցների առողջական վիճակի մասին տեղեկությունը հավաքվել է 1990-1994թթ.։ Փորձարկվողները երկրորդ անգամ զննվել են 1995-1998 եւ 2003-2007թթ.։ Գիտնականները կամավորներին նաեւ խնդրել են պատմել իրենց կերակրաբաժնի մասին եւ հաշվել են, թե վերջինները որքան էներգիա են ստացել ածխաջրերից, ճարպերից եւ սպիտակուցներից։

Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնց կերակրաբաժինը 38 տոկոսով բաղկացած է եղել ածխաջրերից, դիաբետի առաջացման վտանգը 20 տոկոսով ավելի բարձր է եղել նրանց համեմատ, ովքեր այդ միացություններից ստացել են  ամենօրյա կալորիաների կեսից մի փոքր ավելին։

Գիտնականներին վաղուց հայտնի է, որ բարձր ածխաջրային սնունդը կարող է դառնալ ավելորդ քաշի պատճառ։ Ավելին, պարզ ախաջրերի չարաշահումը կարող է հանգեցնել ինսուլինի արտազատման բարձրացման եւ երկրորդ տեսակի դիաբետի։ Այնուամենայնիվ, սննդային այդ բաղադրիչից հրաժարվելը նույնպես վնասակար է օրգանիզմի համար։ Հետազոտողները ենթադրել են, որ, խուսափելով ածխաջրերից, մարդիկ սպառում են ավելի քիչ սննդային նյութեր եւ ավելի շատ ճարպեր, ինչը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների։

Կիսվել սոց․ ցանցերում ՝