Հայերեն Russian

Ինչո՞ւ է քանդվել ՊԵԿ-ի նախկին շենքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ օրվա ընթացքում մեծ աղմուկ բարձրացավ այն տեղեկության առումով, թե Պարույր Սևակի փողոցի վրա շենք է քանդվել: Ընդ որում, նշվում էր, որ շենքը պայթեցվել է: Սակայն քաղաքապետարանից պարզաբանել են, որ շենքը քանդվել է իրենց թույլտվությամբ և ոչ թե պայթեցման, այլ ապամոնտաժման միջոցով:

«Փաստը» փորձեց ճշտել, թե իրականում ինչի մասին է խոսքը: Պարզվեց, որ Պարույր Սևակի փողոցում նոր շենք կառուցելու նպատակով ապամոնտաժվել է ՊԵԿ-ի նախկին 12 հարկանի շենքը։ Ընդ որում, այդ շենքը, մեր տեղեկություններով, եղել է վթարային: Ի սկզբանե նախատեսված է եղել պայթեցնել այն, սակայն ընդառաջ գնալով շրջակա շենքերի բնակիչների խնդրանքներին ու անհանգստությանը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքապետարանի հորդորը՝ կառուցապատող ընկերությունը որոշել է ոչ թե պայթեցնել, այլ ապամոնտաժել նշյալ շենքը:

Ի պատասխան «Փաստի» հարցման, կառուցապատող ընկերությունից հաստատեցին մեր տեղեկությունները և հավելեցին, որ քանդման հետևանքով հարակից տարածքներին որևէ վնաս չի հասցվել: Քանդման աշխատանքներից մեկ ժամ անց տեղի բնակիչները մեր թղթակցին տեղեկացրեցին, որ փոշու ամպը «կանգնած է եղել 2-3 րոպե»: Ի դեպ, այդ պահին արդեն մաքրման ու լվացման աշխատանքներ էին ընթանում տարածքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝