Հայերեն Russian

Պետրակովյան խայտառակություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի սկզբանե նշենք՝ ֆուտբոլում պարտվելը չէ խայտառակություն, ֆուտբոլում կարող ես և՛ պարտվել, և՛ հաղթել, խնդիրն այն է, թե ինչպես ես պարտվում, ինչ ես ցույց տալիս դաշտում: Երբ Հայաստանը 4:1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն, համընդհանուր ոգևորություն էր տիրում ֆուտբոլասերների ու, որ ավելի վատ է, որոշ փորձագետների շրջանում:

Բացարձակ չթերագնահատելով մեր տղաների նվիրումը, անձնուրաց, ոգևորված խաղը՝ այդուամենայնիվ, ակնհայտ էր, որ գործ ունեինք առնվազն այդ խաղում չափազանց թույլ, անատամ մրցակցի հետ: Եվ նույնիսկ այդ խաղում շատ հստակ երևում էին մեր թույլ «կետերը»: Պարզ էր, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումը, մեղմ ասած, զբոսանք չի լինելու: Բայց այն, ինչ կատարվեց Սկոպիեում, պարզապես ամոթ էր: Իհարկե, ֆուտբոլում քիչ չեն եղել դեպքերը, երբ թվային առավելություն ունեցող թիմը չի կարողացել հաղթել կամ նույնիսկ պարտվել է: Նույնիսկ դա առանձնապես արտառոց բան չէ: Խնդիրն այն է, թե թիմը ինչով է զբաղված դաշտում: Երբ չգիտես՝ ինչ պետք է անի թիմը թվային առավելության դեպքում, երբ հաջող խաղից հետո փոփոխություններ ես անում մեկնարկային կազմում, երբ խաղի ընթացքում փոխարինում ես թեկուզ սխալներով, բայց նվիրումով հարձակման միտված ֆուտբոլիստներին, այս ամենը կարող է նշանակել, որ կա՛մ ուղղակի, մեղմ ասած, չես տիրապետում իրավիճակին, կա՛մ չես ուզում հաղթել: Թե ինչու, դա արդեն այլ հարց է: Հնարավոր է՝ B լիգան վախենալու է…

Պետրակովն ասում է, որ սա իր պարտությունն էր: Ճիշտ է ասում, դա նույնիսկ չի քննարկվում: Բայց մյուս կողմից հավելում է, թե տղաներն իր առաջադրանքները դաշտում չեն կատարել: Իրականում, եթե մարզչական ձեռագիր կա, եթե կան հստակ, մտածված հանձնարարություններ, ապա դա միշտ զգացվում է, եթե նույնիսկ ֆուտբոլիստներին չի հաջողվում այդ ամենը կյանքի կոչել: Պետրակովի օրոք գրեթե որևէ խաղում որևէ կրեատիվություն, որևէ առանձնահատուկ ձեռագիր չի նկատվում: Այնպիսի տպավորություն է, որ մեր հավաքականը խաղում է ինքնահոսի մատնված՝ ֆուտբոլիստների նվիրումի, անձնական հատկանիշների, ոմանց դեպքում՝ վարպետության հաշվին: Սակայն այդպես շատ արդյունք չես ունենա:

Երբ այս ամենին գումարում ես, որ ֆեդերացիան «հաջողել» է Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստից «ազատվել», իսկ մարզչին «հաջողվել» է միանգամից առնվազն 3-4 ֆուտբոլիստի հետ կոնֆլիկտ ունենալ, այստեղ արդեն պետք է շատ լուրջ եզրակացություններ անել: Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝