Հայերեն Russian

Ուկրաինայում պատերազմի, Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքները կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. Զուրաբիշվիլի

Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներն ի թիվս այլնի կկանխորոշեն նաև Հայաստանի ապագան. այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանը գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով:

«Վրաստանում միշտ եղել են դեմոկրատական և եվրոպամետ ուժեր։ Նրանք ներկայացնում են երկրի մեծ մասը։ Նրանք գիտեն, թե որտեղ է մեր ապագան։ Նրանք գիտեն, որ Վրաստանն այլ այլընտրանք չունի։ Վրաստանի բնակչության 80 տոկոսը, չնայած պատերազմին և Ռուսաստանի բազմաթիվ փորձերին՝ փոխելու Վրաստանի ուղին, երկար տարիներ հաստատակամորեն աջակցել է եվրոպական ուղուն և Վրաստանի եվրոպական ապագային։ Հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունները վճռորոշ են լինելու: Շատ ուժեր գործում են Վրաստանի կամքին հակառակ, բայց ես վստահ եմ, որ մեր ապագան Եվրոպայում է։ Ուկրաինան, այժմ պայքարելով իր անկախության համար, պայքարում է նաև Եվրոպայի, ինչպես նաև Վրաստանի ազատության համար։ Եվրոպայի ճակատագիրը կորոշվի Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Մոլդովայում և Վրաստանում նախատեսված ընտրությունների արդյունքներով։ Դրանք կկանխորոշեն նաև Սև ծովի անվտանգությունը և ապագան… Դրանք կկանխորոշեն Եվրոպայի և մեր արևմտյան գործընկերների դերը կովկասյան տարածաշրջանում, կկանխորոշեն Հայաստանի ապագան, որը նույնպես գնում է Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով։ Այնպես որ, այն ամենը, ինչ այսօր դրված է խաղասեղանին, շատ կարևոր է, և ամենակարևորը խաղաղությունն է: Խաղաղություն, որը կարտահայտվի Վրաստանում և Մոլդովայում ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Հոկտեմբերին Մոլդովայում կայանալու են նախագահական, իսկ Վրաստանում՝ խորհրդարանական ընտրություններ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝