Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման փոխնախագահ Նաիմ Քասեմը պաշտոնապես հայտարարել է, որ իր շարժումն աջակցում է Լիբանանում հրադադարի հասնելու ջանքերին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ ընդգծելով, որ սա առաջին դեպքն է, երբ «Հեզբոլլահ»-ը հայտարարում է Իսրայելի հետ հրադադարի պատրաստ լինելու մասին և որպես դրա նախապայման չի նշում Գազայի հատվածում զինադադարի հաստատումը:
Քասեմն ասել է, որ «Հեզբոլլահ»-ն աջակցում է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի ջանքերին՝ դադարեցնելու շարժման ուժերի և Իսրայելի միջև մարտերը, որոնք սրվել են վերջին շաբաթներին Իսրայելի ցամաքային ներխուժմամբ և «Հեզբոլլահ»-ի որոշ բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությամբ:
«Մենք աջակցում ենք քաղաքական գործունեությանը, որը ղեկավարում է Բերրին զինադադարի անվան տակ: Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ հրադադարի հարցը ձևավորվի, և երբ դիվանագիտությունը հասնի դրան, մնացած բոլոր մանրամասները կարող են քննարկվել և որոշումներ կայացվել: Եթե թշնամին (Իսրայելը) շարունակի իր պատերազմը, ապա մարտի դաշտը կորոշի», – ասել է Քասեմը 30 րոպեանոց հեռուստաուղերձում:
«Հեզբոլլահ»-ը սկսել է զանգվածաբար հրթիռներ արձակել Իսրայելի վրա մեկ տարի առաջ՝ ի աջակցություն իր դաշնակից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ռազմական թեժ գործողությունների փուլում է Իսրայելի հետ: Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում վերջին մեկ տարում զոհվել է ավելի քան 43,000 մարդ:
«Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ղեկավարները վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել են, որ խմբավորումը չի դադարեցնի իր կրակն Իսրայելի ուղղությամբ մինչև Գազայի հատվածում հրադադարի հասնելը, սակայն Քասեմի ելույթը, կարծես, ցույց է տալիս շեղում այդ քաղաքականությունից, նկատում է Al Arabiya-ն:
Իսրայելական օդուժը, իր հերթին, հարվածում է «Հեզբոլլահ»-ի՝ Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող հենակետերին: Բացի այդ, Իսրայելն ընդարձակել է ցամաքային ներխուժումը Լիբանանի հարավային սահմանի հատվածներում: