«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանյան միայն մեկ կազմակերության է հաջողվել ընդգրկվել Eventex Top 100 Agencies & Event Organizers 2024-ի վարկանիշային աղյուսակում: Խոսքը Skill – Event Marketing Companyկազմակերպության մասին է, որն այս տարի նաև երկու ոսկե մրցանակ է ստացել Eventex Awards-ում՝ The Best Fair (Լավագույն ցուցահանդես) և People’s Choice Event (Մարդկանց ընտրություն) անվանակարգերում: Անկարևոր չէ նշել, որ Eventex Awards-ը համարվում է ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որն ընդգծում է իրադարձությունների մարքեթինգի բնագավառում ընկերությունների հավատարմությունը բարձր ստանդարտներին:
Նշվում է, որ Eventex Awards 2024-ը մասնակիցների քանակի ռեկորդ է սահմանել. 67 երկրից շուրջ 1200 ընկերություն է պայքարել իրադարձային մարքեթինգի ոլորտում ճանաչում ստանալու համար: Իսկ, ահա, Eventex Top 100 վարկանիշում ընդգրկվել են կազմակերպություններ 25 երկրից: Վարկանիշային ցանկում առաջատար են եղել Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այն, որ հայաստանյան կազմակերպությունը հայտնվել է այս հեղինակավոր վարկանիշային աղյուսակում, արդեն իսկ համարվում է մեծ նվաճում ոչ միայն Skill-ի, այլև Հայաստանի ու, մասնավորաբար, միջոցառումների կազմակերպման ոլորտի համար:
Ի դեպ, Skill – Event Marketing Company-ի հիմնադիր տնօրեն Սերգեյ Ուսնունցն էլ առաջադրվել է միջոցառումների անցկացման բնագավառում ամենաազդեցիկ մարդկանց՝ «The Most Influential People in the Events Industry 2024» անվանակարգում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում