«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռ ամիսներ առաջ «Փաստը» գրել էր, որ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ստեղծում է Ազգային հպարտության հանրային տրիբունալ: Նպատակն այն է, որ «Հայաստանի գործող իշխանությունները պատասխանատվություն ստանձնեն և պատժվեն իրենց դավաճանական քաղաքականության համար»: Հոկտեմբերի 2-ին հրապարակվեց տրիբունալի որոշումը, որը «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները պաշտոնապես փոխանցել են Սահմանադրական դատարանին, ազգային անվտանգության ծառայությանը, գլխավոր դատախազությանը, արտաքին գործերի նախարարությանը և Ազգային ժողովի 3 խմբակցություններին։
Որոշման մեջ մասնավորաբար գրված է, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին. «Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալն ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ»։ Ազգային հպարտության տրիբունալը հիմնավորում է՝ Փաշինյանը ոչ միայն դավաճանություն է արել, այլև խախտել Սահմանադրությունը թե՛ Արցախի հայաթափման, թե՛ Ադրբեջանի հետ կեղծ սահմանազատման գործընթաց իրականացնելու հարցերում։ Ըստ այդմ, տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ:
«Փաստն» այս առիթով զրուցեց Արշակ Կարապետյանի հետ՝ պարզելու, թե նա ինչպե՞ս է նախատեսում տրիբունալի որոշման կիրառումը: «Տրիբունալը կազմված է պրոֆեսիոնալներից՝ պատմաբաններից, իրավաբաններից, այդ թվում՝ միջազգային ոլորտներում մասնագիտացված: Հավաստիացնում եմ, որ դա պատմական փաստաթուղթ է հայ ժողովրդի համար: Կգա ժամանակ, երբ այն ուսումնասիրության նյութ կդառնա դպրոցներում, մեր սերունդները դրա միջոցով կվերլուծեն այժմյան ղեկավարության արարքները և այժմյան իրականությունը: Միշտ ասել ենք, որ ունենք ծրագրեր, ճանապարհային քարտեզ, գիտենք, թե ինչպես ենք հասնելու մեր նպատակին, գիտենք ժամկետները և գնում ենք դեպի մեր նպատակը: Ինչ վերաբերում է տրիբունալին և դրա հետ կապված մեր քայլերին: Օրենքի համաձայն՝ 30 օր կսպասենք արձագանքների, կլինեն արձագանքներ, կուսումնասիրենք դրանք, չեն լինի, կհասկանանք, որ իրենք վախեցան, որոշեցին դա լուռ ընդունել: Դրանից հետո ունենք հետագա քայլերի նախատեսված ցանկ, որը կյանքի կկոչենք: Տրիբունալի որոշումը «Համահայկական ճակատ» շարժման սեփականությունը չէ, նպատակ չունենք պաշտպանել հեղինակային իրավունքներ: Ողջունում ենք, երբ մյուս կուսակցությունները կամ շարժումները դա ընդունում են ի զեն և կատարում են համապատասխան գործողություններ: Տրիբունալի որոշումը լինելու է բոլորինս»,-ասում է Կարապետյանը:
Ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունն այսօր չի կատարում իր առջև դրված խնդիրները: «Կառավարող ուժն Ազգային ժողովում ունի մեծամասնություն, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ ներկայացված է ընդդիմությունը, որի ներկայացուցիչները ներգրավված են ԱԺ տարբեր հանձնաժողովներում ևս: Նրանք իրենց դրսևորում են ընդդիմադիր դիրքերից, ստացվում է, որ պետք է նաև փողոցում այսօր ունենան մեծ թվով համակիրներ: Բայց կարծում եմ, որ կառավարող ուժի, իշխանության վարկաբեկումը իր հետևից «տանում» է նաև ընդդիմադիր ուժերին, որոնք այսօր ԱԺ-ում են: Գնահատական չտալով խորհրդարանական ընդդիմության քայլերին՝ միևնույն ժամանակ չեմ տեսնում նրանց ճանապարհային քարտեզը: Պատերազմող երկրում պետք է ունենայինք շատ ավելի լուրջ իշխանություն, միայն այդ պայմաններում կարող էինք կառուցել մեր անվտանգությունը, բարեկեցությունը: Ցավոք, իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է, Արցախը հանձնում են, և ընդամենը հայտարարությունների տեսքով բողոքներ են լինում, իսկ գործողություններ համարյա թե չեն լինում: Անկախության հռչակագրից հրաժարվելու վերաբերյալ ՍԴ-ի որոշման մասին է խոսվում: Պարզ է, որ Սահմանադրական դատարանն անելու է այն, ինչ իրեն մեկ զանգով ասեն Հանրապետության հրապարակից: Դատավորները պետք է հարգեն իրենք իրենց և իրենց անցած ուղին: Նրանք անընդհատ խոսում են արդարությունից, բայց վերջին շրջանում ՍԴ որոշումներում արդարություն չեմ տեսնում, չեմ տեսնում որոշում, որը կպաշտպանի մեր հայրենիքը»,-նշում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը:
Ընդգծում է՝ Հայաստանը շատ ծանր վիճակում է, կանգնած ենք կործանման առջև: «Նման իրավիճակում Հայաստանը երևի վերջին հարյուր տարում չի եղել: Այժմ խայտառակված ենք, և մեր ղեկավարությունն ընդունել է խայտառակությունը: Պատերազմը կստանանք հետո, հնարավոր է, որ այն մեզ համար լինի կործանարար, եթե այսպես շարունակվի: Բայց ամեն ինչ լավ է լինելու: Ունենք հստակ ծրագիր, որտեղ ամեն ինչ պլանավորված է, գիտենք, թե ինչպիսին ենք տեսնում Հայաստանը, երբ կհեռանան գործող իշխանությունները: Մեր կուսակցությունն ունի ծրագիր, որը վերաբերում է հայկական պետության առաջիկա 15 տարվա զարգացմանը: Դա իրագործելու ենք, գիտենք, թե ինչ քայլեր պետք է անենք արտաքին քաղաքականության մեջ, որտեղից պետք է մեր ստորագրությունները հետ կանչենք, որ փաստաթղթերում կրկին պետք է լինի մեր ստորագրությունը, գիտենք, թե ինչպես պետք է զարգանա մեր տնտեսությունը: Ունենք մասնագետների կողմից մշակված հստակ ծրագիր: Գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները»,-ասում է Կարապետյանը:
Վատթար է վիճակը նաև տնտեսության ոլորտում: Մարդիկ սկսել են վատ ապրել, սոցիալական բեռն ավելացել է, բարձրանում են հարկերն ու տուրքերը: «Եթե մի կառավարություն չունի երկարաժամկետ ծրագիր, ապա վիճակն այսպիսին պետք է լինի: Ցածր օղակի մասնագետների շնորհիվ առայժմ չունենք պայթյուն տնտեսության ոլորտում: Գնաճի շարանը և ժողովրդի սոցիալական վիճակի անկումը սխալ քաղաքականության հետևանք է: Ինչպե՞ս կարող է անգրագետը ռեֆորմ իրականացնել: Եթե մարդուն առաջարկում են զբաղեցնել նախարարի պաշտոն, բայց նա որևէ պատկերացում չունի այդ ոլորտի մասին, ապա, եթե նա սիրում է իր երկիրը, պետք է հրաժարվի այդ առաջարկից: Տարբեր ոլորտներից տարբեր լուրեր եմ լսում և ապշում եմ:
Մենք մեր տարածաշրջանում սոցիալապես ամենավատ ապրող ժողովուրդն ենք և ամենաշատ պարտք ունեցող երկիրը: Սա խոսում է այն մասին, որ չկա պետական ծրագիր, ընդամենը իրավիճակային որոշումներ են անգրագետների կողմից: Մշակել ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացու սոցիալական փաթեթ» հասկացություն: Այն մոտ ժամանակները կհրապարակենք, կկազմակերպենք տարբեր կոնֆերանսներ, կլոր-սեղաններ, այդ ժամանակ էլ դրա մասին ավելի մանրամասն կխոսենք: Հիմնական շեշտադրումը դրված է առողջապահական համակարգի վրա, կան կարևոր նախաձեռնություններ ևս: Օրինակ՝ ֆիզիկական անձանց ազատելու ենք հարկերից: Օրերս խորհրդարանում ելույթ էին ունենում իրավապահ համակարգի ներկայացուցիչները, խոսում այն մասին, թե բյուջե որքան փող «բերեցին»: Տպավորություն էր, որ ոչ թե իրավապահ, այլ հարկային համակարգի ներկայացուցիչներ էին: Միևնույն ժամանակ ասում էին, որ 60 տոկոսով հանցագործությունների թվի աճ ունենք: Այսօր չկա հանցագործությունների կանխարգելիչ գործողությունների ծրագիր: Զբաղված են ոչ թե ռեալ աշխատանքով, այլ այս կամ այն քաղաքական գործչի վրա քրեական գործեր նկարելով: Բայց սա պետք է անի մի քաղաքական ուժ, որը դավաճանե՞լ է սեփական ծրագիրը: Իսկ իրենք դավաճանել են իրենց ծրագիրը, որի համար մարդիկ ընտրել էին իրենց: Թող ասեն, թե իրենց ծրագրի ո՞ր կետն են կատարել»,-նշում է մեր զրուցակիցը:
Զրույցն ավարտում ենք լավատեսական դիտարկմամբ. «Մեր հաղթանակն առջևում է, որովհետև մենք պայքարում ենք: Ժողովուրդները, որոնք հանձնվում են, կորչում են, իսկ նրանք, ովքեր միշտ պայքարում են, հաղթում են»,-եզրափակում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում