«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամիսներ առաջ թարգմանիչ, բանաստեղծ, կինոդերասան Գագիկ Շիրմազանը բավականին ծավալուն անդրադարձ էր կատարել Ստեփանավանի թատերական կյանքի ժամանակագրությանը՝ սկսելով այն 1883 թ.-ից և ավարտելով 1988 թ.-ով, երբ ավերիչ երկրաշարժի ժամանակ ավերվում է նաև Ստեփանավանի մշակույթի պալատի շենքը, որտեղ ներկայացումներով հանդես էր գալիս թատրոնը: Նա մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչ թատերական ներկայացումներ են բեմադրվել, որ դերասաններն ու դերասանուհիներն են հյուրընկալվել քաղաքի թատրոնում: Ներկայում պետության և Ստեփանավան համայնքի ներդրումների շնորհիվ հիմնովին վերանորոգվում է մշակույթի պալատը: Պարոն Շիրմազանն էլ իր հոդվածը հետևյալ կերպ էր ավարտել. «…մշակույթի պալատը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա վերջին, ինչին սրտատրոփ սպասում են բոլոր ստեփանավանցիները՝ միմյանց հարցնելով. «Կարող ա՞ թատրոնն էլ վերականգնեն»»:
Հենց սա էլ առիթ դարձավ նրա հետ մեր զրույցի: Ստեփանավանում թատրոնի առկայության անհրաժեշտության մասին խոսելիս զուգահեռներ ենք տանում Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի հետ: Շիրմազանն ասում է՝ այսօրվա պայմաններում սխալ կլինի մտածել, որ պետական թատրոնը կարող է սպասարկել ամբողջ մարզի բնակչությանը, բավարարել նրա մշակութային պահանջներն ու հետաքրքրությունները: «Երբ տարբեր առիթներով հրավիրվել եմ Վանաձորի թատրոն՝ ներկա գտնվելու ներկայացումների, տեսել եմ, որ թատրոն է այցելում Վանաձորի հասարակությունը: Այո, նույն թատրոնը կարող է հյուրախաղերի գալ Ստեփանավան, բայց հյուրախաղերը հաճախակի չեն կարող լինել, տարաբնույթ խնդիրներ կան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նա:
Վերհիշելով Ստեփանավանի թատրոնի անցած ճանապարհը՝ նշում է՝ երբ դրա կարգավիճակը պետականից փոխվեց ժողովրդականի, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: «Որոշակի դերասանական տաղանդով օժտված մարդիկ, որոնք աշխատում էին տարբեր ձեռնարկություններում, մասնակցում էին ժողովրդական թատրոնի ներկայացումներին: Ներգրավվածությունն ավելի էր լայնանում: Բավականին լավ ավանդույթներ էին ձևավորվել: Օրինակ՝ երբ դեռ երեխա էի, լավ եմ հիշում, որ թատրոնում ցանկացած նոր ներկայացման մեր ընտանիքը պետք է ներկա գտնվեր: Ներկայացումներն առիթ էին նաև, որ քաղաքի մտավորականության ներկայացուցիչները շփվեին իրար հետ: Եթե այն ժամանակ խոսք լիներ թատրոնի մասին և զրուցակիցդ չկարողանար քեզ հետ զրուցել այդ թեմայի շուրջ, բոլորը զարմանում էին՝ դու այս քաղաքից չե՞ս, թատրոնում չե՞ս եղել: Եվ մարդիկ փորձում էին այդ մակարդակը պահել: Մթնոլորտը լրիվ այլ էր, հիմա դա չկա: Ատեփանավանի մշակույթի պալատը, դրա պտտվող բեմը միշտ է գրավել ստեղծագործողներին:
Տեխնիկական այդպիսի հնարավորություններով շատ քչերը կարող էին պարծենալ: Դեռևս խորհրդային վերջին տարիներին Հրաչյա Ղափլանյանը Դրամատիկական թատրոնը մշտապես հյուրախաղերի էր բերում Ստեփանավանի մշակույթի պալատ: Նրանք նաև վարպետաց դասեր էին կազմակերպում այստեղ գործունեություն ծավալող դերասանների համար»,-հավելում է մեր զրուցակիցը:
Շիրմազանն իր համար նպատակ է սահմանել՝ Ստեփանավանի թատրոնը պետք է վերականգնել: Նա արդեն իսկ զրույցներ է ունեցել թատերական տարբեր գործիչների հետ, նրանցից ոգևորության և աջակցության խոսքեր լսել, այժմ ցանկանում է կոնկրետացնել այդ շփումները և հասկանալ, թե տեխնիկական ու ստեղծագործական կազմի առումով ինչ քայլերի հերթականությամբ պետք է առաջ շարժվել: «Կապերի հաստատում, նախնական համաձայնություններ՝ մասնակցության, օգնելու, կազմակերպելու: Առաջին քայլերը սկսել եմ, սա իմ կյանքի նպատակն է: Կարևոր է նաև, որ մշակույթի պալատում ավարտվեն վերանորոգման աշխատանքները»,-ասում է նա:
Ընդգծում է՝ այսօր նպատակը թատերախումբ ստեղծելն է, որը հեռանկարում կունենա քաղաքային թատրոն դառնալը: «Սկզբում քասթինգ կիրականացնենք, փոքրիկ թատերախումբ կձևավորենք և կսկսենք մեր ներկայացումները: Այսօր կա այն պրակտիկան, որ տարբեր թատրոններից դերասանների և ռեժիսորների են հրավիրում այլ թատրոններ, սա ևս կարող ենք մեծապես կիրառել: Չպետք է պատնեշներ դնենք մեր և մյուս ստեղծագործական կոլեկտիվների միջև: Հակառակը՝ կարծում եմ, որ Աբել յանի անվան պետական թատրոնը կարևոր դերակատարում կունենա, օրինակ՝ նույն վարպետաց դասեր անցկացնելու առումով: Մշակույթի տանն այսօր էլ գործում է թատերական խմբակ դպրոցահասակ երեխաների համար: Կան նաև ասմունքի, ձեռագործ աշխատանքների խմբակներ, ինչպես նաև պարի համույթ: Այսօր քաղաքում հետաքրքիր ուսումնական հաստատություններ ունենք:
Դպրոցները մի կողմ դրած՝ գործում են Գյուղատնտեսական պետական քոլեջը, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի մասնաճյուղը: Այսինքն՝ կան ուսանողներ, որոնց ևս պետք է ներգրավել ստեղծագործական մթնոլորտի մեջ: Գուցե շատերն իրենց մեջ բացահայտեն սերը դեպի թատրոնն ու բեմը: Հեռախոս, ինտերնետ, ամեն ինչի գոյությունը հասկանալի է, բայց կենդանի շփումն անփոխարինելի է: Իհարկե, ներկայացումները ևս պետք է հետաքրքիր լինեն: Դրանցում հանդիսատեսն ինքն իրեն, իր հարևանին ու բարեկամին պետք է տեսնի, իրադարձությունները ու կերպարները պետք է մեր կյանքից վերցված լինեն»: Ստեփանավանում թատրոնի գործարկումն ուղղված է քաղաքում մշակութային մթնոլորտի վերականգնմանը:
«Այդ մթնոլորտը հատուկ է եղել Ստեփանավանին: Սա արդյունաբերական քաղաք չէ, այն ավելի շատ հանգստի, զբոսաշրջության, մշակութային կենտրոն է եղել: Օրերս Ստեփանավանում նշվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտարարած ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը: Մշակույթի պալատը բավականին գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել: Թումանյանական մոտիվներով շատ հետաքրքիր ներկայացում էր բեմադրված տարբեր հերոսներով: Բոլորն էին նշում, որ «կարոտ» են նման միջոցառումների: Ունենք մշակույթի և ժամանցի կենտրոն, որը ստեղծված է Ստեփան Շահումյանի թանգարանի հիման վրա: Այն դարձել է Ստեփանավանի այցեքարտն իր փոքր բեմով ու փոքր դահլիճով: Օրերս Երևանի կամերային երգչախումբը ելույթ ունեցավ այդտեղ: Նրանց ելույթը նվիրված էր Կոմիտասի 155-ամյակին: Այն հրաշալի ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից»,-ասում է մեր զրուցակիցը:
Մշակույթի տարածման կարիք ունենք հատկապես մարզերում, քանի որ երբեմն տպավորություն է, թե ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, իսկ մարզերի պարագայում՝ մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում: «Շատ բան կախված է ոլորտի պատասխանատուների վերաբերմունքից: Իմ այս նախաձեռնությունը ողջունել է նաև Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ Արմեն Գրիգորյանը: Առանց իր պատրաստակամության և աջակցության նման նախաձեռնություն կյանքի կոչելը բարդ կլինի»,– եզրափակում է Գագիկ Շիրմազանը, որն այժմ Ստեփանավան համայնքի ղեկավարի խորհրդականն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում