Past.am-ը գրում է.
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի Ֆեյսբուքի էջում տեղադրվել էր համացանցում հայտնի դարձած մի լուսանկար, որում ԲՐԻԿՍ-ի գաղաթնաժողովին մասնակցող ու Իլհամ Ալիևի մոտ նստած Նիկոլ Փաշինյանի առջև երևում է «Ադրբեջան» գրությամբ ցուցանակ, ինչից հետո իշխանական քարոզչամեքենան՝ իր սատելիտներով ու լրատվամիջոցներով հանդերձ, մեծ աղմուկ բարձրացրեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շուրջ:
Այս հարցի շուրջ Past.am-ը մեկնաբանություն խնդրեց Արշակ Կարապետյանից. «Այդ լուսանկարը վերցված է ռուսական պետական ալիքների ռեպորտաժից, ու իշխանական քարոզչամեքենան մոբիլիզացնելու և իմ դեմ տեղեկատվական գրոհ կազմակերպելու փոխարեն լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը համարձակություն ունենար և ռուսական կողմից պարզաբանում պահանջեր, թե ինչու են հենց այդ ռակուրսով կադրեր սփռել եթերում: Ինքս, անկեղծ ասած, նման դեպքերում պատահականությունների չեմ հավատում, սա ուղիղ արհամարհանքի և իր նկատմամբ անլուրջ վերաբերմունքի վկայություն է։ Բոլորս պետք է հասկանանք, որ սա միայն Նիլոլ Փաշինյանի ամոթը չէ, սա յուրաքանչյուր հայի ամոթն է»,- ասաց Կարապետյանը:
«Որպես հայ մարդ, որպես հայ գեներալ՝ ես վիրավորված եմ, որ իմ երկրի ղեկավարն այնպիսի կարգավիճակի կարող է հասնել, որ նման արհամարհական, ծաղրական կադրեր հեռարձակվեն: Ընդ որում, դա եղել է հեռուստատեսային հեռարձակում և ամբողջ աշխարհն է տեսել, իսկ Հայաստանի իշխանության և իշխանական քարոզիչների կողմից ոչ մի արձագանք չի եղել, փոխարենն իրենց տեղեկատվական ռեսուրսների ամբողջ արսենալով հարձակվել են ինձ վրա` փորձելով կեղծ աղմուկի մեջ խեղդել այդ ակնհայտ միջպետական խայտառակությունը»,- ամփոփեց Արշակ Կարապետյանը:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Արշակ Կարապետյանը նաև ջանքեր է գործադրել, որպեսզի այդ կադրերը հեռացվեն ռուսական հեռուստատեսության եթերից։