«Փաստ» օրաթերթը գրում է.
Չնայած Հայաստանում տնտեսական աճի տեմպը իներցիայով դեռևս շարունակվում է, սակայն պետք է հաշվի առնել այն բազմաթիվ ռիսկային գործոնները, որոնց ազդեցության ներքո մեր երկրի տնտեսական աճը ոչ միայն կարող է էականորեն նվազել, այլև վերափոխվել անկման։ Իսկ ռիսկայնության գործոններից առաջնայինը միջազգային տնտեսական տեղաշարժերն են՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների բլոկի կողմից սահմանված պատժամիջոցների հետ։ Իսկ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է, ու եթե ռուսական շուկայում որոշակի ցնցումներ գրանցվեցին, ապա դրանք ազդելու են նաև մեր տնտեսության վրա։
Մյուս կարևոր ռիսկային գործոնը պայմանավորված է տարածաշրջանային գործընթացների հետ։ Հարավային Կովկասում էսկալացիայի հնարավոր սպառնալիքը դեռևս կախված է օդում։ Հայաստանի համար տնտեսական լուրջ խնդիր է նաև անարդյունավետ կառավարումը։ Չնայած անցած երկու տարվա ընթացքում մեր երկրին հաջողվել է տնտեսական շատ բարձր աճ արձանագրել, սակայն այդ աճն այդպես էլ տնտեսական ներուժի չի փոխակերպվել։ Այնինչ, տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսական ներարկումներ կատարելու փոխարեն ՀՀ իշխանությունները մեծ գումարներ են ծախսում այնպիսի նպատակներով, որոնք տնտեսական արդյունքների տեսանկյունից ոչ միայն աննպատակահարմար են, այլև բեռ են պետության համար։
Այս ամենին զուգահեռ անհեռատես հարկաբյուջետային քաղաքականություն է տարվում, երբ պետությունը բիզնեսի գործունեության համար նպաստավոր պայմաններ չստեղծելով հանդերձ՝ անընդհատ ավելացնում է բյուրոկրատիան ու վարչարարությունը։ Մյուս կողմից էլ տնտեսական ոլորտի պատասխանատուները օրուգիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ մտածեն, որ տնտեսվարողներին հարկեն։ Խոշոր բիզնեսը դեռ կարող է դիմանալ ճնշմանը, սակայն բազմաթիվ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ զարգացումը խթանող միջոցների բացակայության պայմաններում ուղղակի կարող են ժամանակի ընթացքում դառնալ ոչ մրցունակ և դուրս մնալ շուկայից։ Տնտեսագետների կողմից քննադատություններ են հնչում նաև հավասարակշռված գների և ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ ԿԲ-ի ձեռնարկումների մասով։ Օրեր առաջ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,25 %։
Սա ընթացիկ տարում առանցքային տոկոսադրույքի արդեն 7-րդ իջեցումն է։ Այդպիսով տարածաշրջանում Հայաստանն ամենացածր տոկոսադրույքն ունի։ Ու ԿԲ-ն նման քայլը պայմանավորում է նաև այն հանգամանքով, թե Հայաստանում գնաճը նվազելու միտում է ցուցաբերում։ Սակայն մինչ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում է, գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 19-ից հասցնելով 21 տոկոսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա մեջ, ինչի հետևանքով սպասվում է, որ այդ երկրում վարկերը կթանկանան գործարարների և սպառողների համար։ Դա, իր հերթին, կարող է նվազեցնել տնտեսական ակտիվությունը, մյուս կողմից՝ զսպել գնաճը։
Փաստացի գնաճը և ռուբլու արժեզրկումը տնտեսական առումով բարդ իրավիճակ են ստեղծել Ռուսաստանում, և ֆինանսական կարգավորիչը կոշտ քայլերով փորձում է լուծել այդ խնդիրը։ Բայց մի շարք տնտեսագետներ ռիսկեր են տեսնում հայ արտահանողների համար Հայաստանում չափից ավելի ցածր գնաճի ու դրամի արժևորման, իսկ մյուս կողմից էլ Ռուսաստանում ռուբլու արժեզրկման ու բարձր գնաճի պարագայում։ Հայաստանի ԿԲ-ն տոկոսադրույքների մասով պետք է որոշակի անվտանգության բարձիկ ստեղծի, որ գործընթացները սահուն տեղի ունենան, այլ ոչ թե արտաքին գործոններով պայմանավորված գնաճային ճնշման պարագայում հիմա էլ կտրուկ բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում