Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն, վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Օտարերկրյա ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով: Այս ընտրություններին արձանագրվել է դրսից աննախադեպ միջամտություն, այդ թվում՝ օտարերկրյա փողերի միջոցով», – մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
Որպես արտաքին միջամտության օրինակ՝ վարչապետը բերել է ընդդիմության նախընտրական հանրահավաքն ու համերգը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին՝ ընտրություններից վեց օր առաջ։ Կոբախիձեի խոսքով՝ ակցիան ֆինանսավորել են ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք միջոցներ են ստանում արտասահմանից։
Կոբախիձեն նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները մաքուր են անցել, և իշխանությունները պատրաստ են բոլորին տրամադրել դա հաստատող ապացույցներ, գրում է interfax.ru-ն։
«Բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանը անկախ պետություն է, և ընդունված օրենքները գործում են, մենք բացարձակապես բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել, որ մեր անցկացրած ընտրությունները մաքուր են եղել», – ասել է Կոբախիձեն:
Նա նաև ասել է, որ Վրաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը ընդհանուր առմամբ դրական է։
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության հետ կապված բազմաթիվ հայտարարություններ կան թե՛ այստեղ, թե՛ դրսում, որ առաքելությունը մեր ընտրությունները չի անվանել արդար և ազատ, բայց այս կազմակերպությունն իր զեկույցներում նման տերմինաբանություն չի օգտագործում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունն ընդհանուր առմամբ դրական է արտահայտվել: Մամուլի ասուլիսում միջազգային դիտորդներն ուղղակիորեն խոսել են ընտրությունների օրինականության մասին»,- ասել է Կոբախիձեն:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միացյալ ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Ընդդիմությունը հայտարարել է, որ հրաժարվում է աշխատել նոր խորհրդարանում։ Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։