Լեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 8-րդ ոսկե մեդալը:
Սուրեն Գրիգորյանը (89 կգ) երկամարտի 350 կգ (157+193) արդյունքով դարձավ Մ23 Եվրոպայի առաջնության հաղթող, նախորդ տարի հայ ծանրորդը դարձել էր Մ20 ԵԱ-ի ոսկե մեդալակիր: Պողոսյանը պոկում և հրում վարժություններում էլ նվաճեց ոսկե մեդալ:
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Մնացական Աբրահամյանը, որը երկամարտում գրանցեց 343 կգ (152+191) արդյունք: Հայ ծանրորդը պոկում վարժությունում գրավեց 5-րդ տեղը, իսկ հրում վարժությունում արժանացավ բրոնզե մեդալի:
Ավելի վաղ Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ), Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) արժանացել էր արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (Մ20, 89 կգ)` բրոնզե մեդալի։