Հայերեն Russian

Այս պահին զոհված զինծառայողների 10 ծնողներ օգտվում են փոխնակ մոր ծառայությունից. Հատկացվեց եւս 7.3 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայության եւ դոնորական ձվաբջջի համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի համար հատկացնել եւս 7,3 մլն դրամ:

Նշենք, որ այս ծրագրով 2024-ին հատկացվել է ընդամենը՝ 67.860 մլն դրամ որից արդեն ծախսվել է 55,61 մլն դրամ: Մնացորդը կազմում է 12,25 մլն դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ներկայումս ընթացքի մեջ է միջոցառման 10 շահառուների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը փոխհատուցելու գործընթացը։

Այդ շահառուներից 2-ի երեխաները կանխատեսվում է, որ կծնվեն 2024 թվականի նոյեմբերին:  Այսինքն, մինչև տարեվերջ այդ շահառուներին հասանելիք ամբողջական գումարի չվճարված մասը (9.050 մլն դրամ) պետք է վճարվի:

Բացի այդ, կանխատեսվող դիմումների հիման վրա (ընթացիկ գործեր) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը 8 շահառու անձանց փոխհատուցելու համար վճարման ենթակա գումարը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կկազմի՝

3 ամիս X 8 շահառու X 150,000 դրամ = 3,6 մլն դրամ:

Այսինքն մինչև տարեվերջ անհրաժեշտ գումարը կկազմի 12,65 մլն դրամ:

Բացի այդ, մինչև տարեվերջ անհրաժեշտություն կառաջանա ֆինանսավորել շուրջ 10 շահառուի համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսը՝ 600,000-ական դրամ, պետք է փոխանցվի համապատասխան բժշկական կազմակերպություններին (գումարը կկազմի 6 մլն դրամ):

Միաժամանակ, կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ խնդրո առարկա միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար նոր շահառուների թիվը կկազմի ևս 3 ը:

Նշենք, ո փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝