Հայերեն Russian

Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը

Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը:

Tert.am-ը դեռևս հոկտեմբերի 7-ին գրավոր հարցմամբ դիմել էր ընկերությանը՝ հասկանալու համար արդյոք նախկին պնդումները, թե համերգն այս տարի կայանալու է դեռ ուժի մեջ են և ի վերջո այն տեղի ունենալո՞ւ է, թե՝ ոչ:

«Դոփինգ Սփեյս» կազմակերպությունից, որը ստանձնել է համերգը կազմակերպելու և անցկացնելու գործընթացը նշել են, որ ներկա դրությամբ չեն կարող հանրայնացնել որևէ ինֆորմացիա:

«Ձեր հարցման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ արտիստի, ինչպես նաև նրա թիմի պահանջով բանակցությունների ընթացքի, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ նախատեսվող համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չենք կարող հրապարակայնացնել:

Այս պահին կարող ենք միայն տեղեկացնել, որ արտիստի հետ անմիջական հանդիպման ընթացքում վերջինս ընդգծել է Երևանում նախատեսվող համարգի կարևորությունը և այն՝ իր գալիք համերգային ծրագրերում ընդգրկելու պատրաստակամությունը:

Հայտնում ենք, որ արտիստի հետ քննարկումների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանման արգելքը վերանալու՝ դրանք այլևս հրապարակայնացնելու հնարավորության դեպքում մեծ ուրախությամբ լրացուցիչ կտեղեկացնենք»,- մասնավորապես ասված է պատասխանում:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր՝ հնարավոր է, որ նոյեմբերին տեղի ունենա համերգը, սպասում ենք կազմակերպության կողմից վերջնական պատասխանի:

Նշենք նաև, որ թե՛ «Դոփինգ Սփեյս» ՍՊԸ-ից, թե՛ ԿԳՄՍ նախարարությունից Tert.am-ի հարցումներին ի պատասխան բազմիցս հավաստիացրել էին, թե համերգը 2024թ.-ին անպայման տեղի է ունենալու: Նախ նշվում էր մայիս-հունիս ամիսները, ապա՝ նոյեմբերը:

Հիշեցնենք, որ Երևանում 2023 թ․ սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։

Սնուփ Դոգի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։ Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 319 մլն դրամ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝