«Փաստ» օրաթերթը գրում է.
Կիրակի երեկոյան տարածված «սլիվը», որ երեկ իրականություն դարձավ, տարաբնույթ որակումների, կարծիքների, նույնիսկ հեռուն գնացող «եզրահանգումների» ու «վերլուծությունների» տեղիք տվեց: Խոսքը, այսպես կոչված, ուժային բլոկի «գլխատման» մասին է, որն արդեն ստացել է «վոթցափային պաշտոնանկություններ» անունը: Ի դեպ, «հրաժարականների» այս շքերթը երեկ ողջ օրն ավելի շատ ծաղրի ու հեգնանքի առարկա դարձավ: Ոմանք նույնիսկ նշում էին, թե որոշ պաշտոնյաներ (ասենք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը) իրենց «WatsApp»-ները ջնջել են: Կատակը՝ կատակ, բայց «Փաստ» թերթի տեղեկություններով, այս պաշտոնանկություններն ունենալու են բավական լուրջ շարունակություն: Ընդ որում, խոսքը միայն, այսպես կոչված, «առաջին էշելոնի» մասին չէ. առաջիկա օրերին պաշտոններից ազատվելու են նաև պետական կառույցների, հատկապես հրաժարական տվածների «հիմնարկների» երկրորդ, երրորդ շարքի ոչ քիչ պաշտոնյաներ:
Ի մասնավորի, երեկվա դրությամբ մեզ հայտնի էր դարձել առնվազն երկու սպասվող պաշտոնանկության մասին: Նախ՝ երեկ առավոտյան տեղեկություն ստացանք, որ ազատման դիմում է գրելու ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը, որը համարվում է հրաժարական տված Ռուստամ Բադասյանի աջ ձեռքը: Մեր տեղեկություններով, կադրային ջարդի հաջորդ արարը ՊԵԿ-ում կվերաբերի Բագրատաշենի անցակետի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ աշխատանքից ազատմանը։ Բառացիորեն օրեր առաջ այս մաքսակետում տեղի էր ունեցել սկանդալային միջադեպ, ինչի պատճառով նրանց վարքը քննարկման առարկա էր դարձել ամենաբարձր մակարդակով, և չի բացառվում, որ նրանք ևս հայտնվեն միևնույն «փաթեթի» մեջ։ Մյուսը ՆԳ նախարարության ոստիկանության ՔՈԳՎ պետ-ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանն է, որի անունն, ի դեպ, կապվում է MG սուպերմարկետների ցանցի հետ:
Անկարևոր չէ նշել, որ Վարդան Վարդանյանը հատկապես հայտնի է ընդդիմության ցույցերը ցրելու «ջանասիրությամբ»: Սրանք, սակայն, հատուկենտ օրինակներ չեն լինի: Ինչպես ասում են, «վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում