Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցրել են ցուցարարներին, որոնք վրաններով փակել են Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ գտնվող պողոտան։
Ոստիկաններն ամբողջությամբ մաքրել են Ճավճավաձեի պողոտան՝ ցուցարարներին մղելով մոտակայքում գտնվող Մելիքիշվիլի պողոտա։
Դրանից հետո բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, գրում են վրացական լրատվամիջոցները:
Ոստիկանությունը փորձում է հետ մղել ցուցարարներին և մաքրել ճանապարհը։ Օգտագործվում է արցունքաբեր գազ։
Ցուցարարները դիմադրում են: Ոստիկանների վրա քարեր են նետում: Մի քանի հոգի բերման է ենթարկվել։
Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմությունը շուրջօրյա բողոքի ցույցեր է սկսել՝ բոյկոտելով երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նրանք պահանջում են չեղարկել դրանց և անցկացնել նոր ընտրություններ: Վրաստանի նախագահը ևս կոչ է արել ընդդիմությանը շարունակել բողոքի ցույցերը: