«Սև Ուրբաթի» գնորդները ստիպված են եղել ապաստան փնտրել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքի Westfield Valley Fair առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել, որի հետևանքով, ըստ ոստիկանության, վիրավորվել է երեք մարդ, հայտնում է LA Times-ը։
Ըստ Սան Խոսեի ոստիկանության դեպարտամենտի տվյալների, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց կյանքին վտանգ չսպառնացող հրազենային վնասվածքներով։ Ինչպես դեպքի վայրում լրատվամիջոցներին հայտնել է դեպարտամենտի ներկայացուցիչ, սերժանտ Խորխե Գարիբայը, տուժել են մեծահասակ տղամարդ, մեծահասակ կին և 16-ամյա աղջիկ։
«Բլումինգդեյլս» խանութի անվտանգության աշխատակիցների կողմից մոտ 20 գնորդներ ուղեկցվել են պահեստային սենյակներ, նրանց թվում էին նաև Բիլալ Զուբերին և նրա կինը, ովքեր այդ միջադեպի մասին հրապարակում են արել X սոցիալական ցանցում։ Նա չի լսել կրակոցներ, բայց ասել է, որ տիրում էր համընդհանուր խուճապ, իսկ վերևում կախված էր հայտարարություն այն մասին, որ դռները փակված են և նրանք պետք է մնան իրենց տեղերում։ Զուբերիի խոսքով՝ իրենք ձգտել են խուճապի չմատնվել և չխոսել կրակոցների մասին, քանի որ իրենց հետ միասին թաքնվում էին նաև երեխաներ։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը թույլատրել է դուրս գալ խանութից և առևտրի կենտրոնից երեկոյան ժամը 7-ի սահմաններում։ Բոլոր ելքերի մոտ երթևեկությունը խցանվել էր, քանի որ հարյուրավոր մարդիկ փորձել են լքել շենքը, ասել է նա։
«Սա անտեղյակ գնորդների դեմ չէր», – ասել է Գարիբայը: «Երկու մարդկանց միջև ինչ-որ բան է տեղի ունեցել, որը հանգեցրել է կրակոցների»:
Գարիբայը նշել է, որ երկու վիրավոր կանայք, ենթադրաբար, անցորդներ են եղել և «կապ չեն ունեցել միջադեպի հետ»։
Նա ասել է, որ կասկածյալը, ենթադրաբար, փախել է ոստիկանության ժամանումից առաջ և զենք չի հայտնաբերվել։


