Թուրքիան հրաժարվել է աջակցել ՆԱՏՕ-ի ռազմական վառելիքատարների ցանցի արդիականացման 27 միլիարդ եվրո արժողությամբ նախագծին: Ինչպես հայտնում են դաշինքի երկու դիվանագետ, Անկարան վերջին պահին փորձ է արել հասնել լրացուցիչ զիջումների, գրում է Politico-ն:
Դիվանագետների տվյալներով՝ Անկարան հրաժարվել է հաստատել երկարաժամկետ համաձայնագիրն անցյալ շաբաթ դաշինքի 32 դեսպանների հանդիպման ժամանակ՝ չնայած նրան, որ այս ամսվա սկզբին երկրները հասել էին նախնական փոխզիջման: Թուրքիան հայտարարել է, որ «կանաչ լույս» չի վառի, քանի դեռ իր տարածքում գտնվող նախագծերը առաջնահերթ ֆինանսավորում չեն ստացել:
Ներկայում ՆԱՏՕ-ի երկրները լարված բանակցություններ են վարում համաձայնագրի աշխատանքն ավարտին հասցնելու համար: Այն նախատեսում է Արևմտյան Եվրոպայից դեպի վերջերս դաշինքին անդամակցած Արևելյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներ ձգվող Սառը պատերազմի ժամանակաշրջանի տասը հազար կիլոմետրանոց խողովակաշարերի ցանցի ընդլայնում: Այդ քայլը Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու ՆԱՏՕ-ի ավելի լայնածավալ ջանքերի մի մասն է:
Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդների հուլիսյան գագաթնաժողովում դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել էր գործարքի շուտափույթ կնքումը:
«Դաշնակիցները պատմական քայլ են անում ՆԱՏՕ-ի վառելիքի մատակարարման շղթան ամրապնդելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորեն, որ մեր զորքերն ապահովված են անհրաժեշտ էներգառեսուրսներով,- լրագրողներին հայտարարել է նա:-Մինչ դաշնակիցներն ավարտին են հասցնում մանրամասների համաձայնեցումը, մենք հասկանում ենք, որ 27 միլիարդ եվրոյի չափով այս ներդրումները հնարավորություն կտան արդիականացնել վառելիքի պահպանման և բաշխման գոյություն ունեցող ենթակառուցվածքը»:
Չնայած դրան, Անկարան հասկացնել է տվել, որ չի հաստատի նախաձեռնությունը, քանի դեռ թուրքական տարածքում գտնվող 21 նախագիծ չի ներառվել արագացված ֆինանսավորման ցանկում, նշել են դիվանագետները: Անկարայի համառությունը բացատրվում է նրանով, որ միջոցների ամենամեծ մասը հատկացվելու է ծրագրի իրականացման առաջին հինգ տարիներին:
«Նրանք պարզապես ցանկանում են առաջ մղել իրենց նախագծերը՝ ի վնաս այլ դաշնակիցների ավելի մշակված ծրագրերի,- ասել է դիվանագետներից մեկը: — Բնականաբար, այս ձգձգումներին ամենաշատն ուրախանում է Ռուսաստանը»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրները վիճում էին համաձայնագրի բարձր արժեքի պատճառով, որը դիվանագետներն անվանում են դաշինքի պատմության մեջ ամենաթանկ համատեղ նախագիծը, ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ մտահոգություն էին հայտնում, որ այն տասնամյակներ շարունակ կամրագրի կախվածությունը հանածո վառելիքից: Ավելի ուշ մայրաքաղաքները համաձայնեցին հանել իրենց առարկությունները, քանի որ ՆԱՏՕ-ի արևելյան թևի պետություններն ակտիվորեն լոբբինգ են անում փաստաթղթի առավելագույնս արագ ընդունումը:
Անկարայի դեմարշը վտանգում է հետաձգել խողովակաշարային ցանցի ընդլայնման համաձայնագրի ստորագրումը մինչև սեպտեմբեր, երբ ՆԱՏՕ-ի դեսպանները կրկին կհավաքվեն ամառային արձակուրդից հետո,հավելել է դիվանագետներից մեկը:
Դաշինքին առընթեր Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանություններից: ՆԱՏՕ-ում Politico-ին վերահասցեագրել են Մարկ Ռյուտեի՝ այս ամսվա սկզբին անցկացված գագաթնաժողովում արված հայտարարություններին:
Сообщение Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը появились сначала на WeeklyNews.am.


