Հայերեն Russian

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ «Յալթա-2» է անվանում ու զուգահեռներ տանում 1945 թվականի Մեծ եռյակի պատմական հանդիպման հետ: Քաղաքագիտական շրջանակներում նշվում է, որ եթե 81-ամյա վաղեմության Յալթայի հանդիպումը գործող աշխարհակարգի ծնունդն էր, որն այսօր փլուզվել է, ապա Շենժենի գագաթնաժողովը կարող է դնել նոր՝ բազմաբևեռ աշխարհի հիմքը՝ ձևավորելով Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին նոր եռանկյունին, որտեղ գերտերությունները քննարկելու են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերը՝ միջուկային զենքի կրճատումից ու Իրանի շուրջ զարգացումներից մինչև ուկրաինական կարգավորում և տարածաշրջանային անվտանգություն:

Միջազգային հարաբերությունների այս պատմական բեկման ֆոնին՝ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վերջին դրսևորումները վկայում են, որ պաշտոնական Երևանում ևս որոշակիորեն զգում են գլոբալ քաղաքական քամիների ուղղության փոփոխությունը: Այն շրջադարձային հռետորաբանությունն ու դեպի Մոսկվա արվող զգուշավոր քայլերը, որոնք նկատվում են վերջին շրջանում, քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ, դժվար է դիտարկել զուտ որպես պլանային դիվանագիտական ակտիվություն: Ավելի հավանական է, որ Երևանում սկսել են գիտակցել՝ երկարատև միակողմանի աշխարհաքաղաքական նախապատվությունների ժամանակաշրջանն ավարտվում է, և գերտերությունների միջև կայանալիք մեծ գործարքների արդյունքում Հարավային Կովկասը կարող է հայտնվել բոլորովին այլ իրողությունների կենտրոնում:

Ըստ միջազգայնագետների դիտարկումների, «Յալթա-2»-ի տրամաբանությամբ ընթացող գլոբալ վերաբաժանման համատեքստում ռազմավարական և աշխարհագրական գործոնները թելադրում են հստակ օրինաչափություններ: Քանի որ գերտերությունները ձգտում են հստակեցնել իրենց կենսական շահերի սահմանները՝ փոխադարձ զիջումների և հավասարակշռության հասնելու նպատակով, չափազանց բարձր է հավանականությունը, որ Հայաստանը վերստին դիտարկվի որպես ռուսական ազդեցության և պատասխանատվության գոտու մաս: Այս սցենարի իրագործման դեպքում արևմտյան կենտրոնները, առաջնորդվելով սեփական գլոբալ առաջնահերթություններով և այլ տարածաշրջաններում ձեռք բերված պայմանավորվածություններով, կարող են փաստացի փակել հայկական ուղղությամբ իրենց ակտիվ ներգրավվածության էջը՝ Երևանին թողնելով տարածաշրջանային իրական ուժային կենտրոնների հետ առերեսվելու հրամայականի առջև:

Նման զարգացումը Հայաստանի համար ստեղծում է չափազանց բարդ ու զգայուն իրավիճակ: Երկար ժամանակ վարված քաղաքականությունը, որն ուղեկցվում էր դաշնակցային հարաբերությունների սառեցմամբ և կտրուկ հայտարարություններով, խորը հետք է թողել երկկողմ վստահության վրա: Եթե գլոբալ պայմանավորվածությունների արդյունքում Ռուսաստանը վերահաստատի իր առանցքային դերակատարումը տարածաշրջանում, ապա պաշտոնական Երևանը ստիպված է լինելու լուրջ և առարկայական բացատրություններ տալ նախորդ տարիների քաղաքական կուրսի վերաբերյալ: Այդ պարագայում զուտ դիվանագիտական ժեստերն ու բարեկամական մթնոլորտի մասին հայտարարությունները բավարար չեն լինի. տարածաշրջանի «վերահսկողի» կարգավիճակը վերականգնող կողմը պահանջելու է հստակ, չափելի քայլեր և ռազմավարական երաշխիքներ:

Թեև Հայաստանի իշխանությունները մշտապես պնդել են, որ իրենք փորձում են արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա իրականացնել՝ երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման նպատակով, ռեալ պոլիտիկի դաժան իրողությունները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ այդքան ռոմանտիկ ու հեքիաթային չէ: Փորձագիտական շրջանակների գնահատմամբ, աշխարհաքաղաքական կոշտ բախումների փուլում նման պատկերացումներն ու հայտարարություններն ավելի շատ քաղաքական դիլետանտիզմի են նմանվում, քան իրատեսական ռազմավարության: Պատմական փորձը բազմիցս ապացուցել է, որ նմանատիպ իրավիճակներում գերտերությունների միջամտությունները վերջնարդյունքում լինում են շատ ավելի կոպիտ ու ցավոտ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հետևաբար, աշխարհի նոր բաժանումից հետո չի բացառվում, որ տարբեր ազդեցության գոտիներում հայտնված փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ուղղությամբ լինելու են ուղղակի և կոշտ միջամտություններ, և հայ ժողովուրդը ստիպված է լինելու վճարել՝ վերջին տարիների չհաշվարկված արտաքին քաղաքականության քաղաքական ու տնտեսական գինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сообщение Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» появились сначала на WeeklyNews.am.

Կիսվել սոց․ ցանցերում ՝