Գազայում պարենային օգնության սպասելիս գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, հաղորդում է CNN-ը։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «իսրայելական օկուպացիոն ուժերը հարձակվել են մարդասիրական օգնության սպասող քաղաքացիների հավաքի վրա»։
Նախարարության տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, ևս 155-ը՝ վիրավորվել, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Ականատեսները հայտնել են, որ տարածքին հասցվել է տանկային կամ հրետանային հարված:
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական զինվորականների կողմից հարձակման մասին հաղորդագրությունները կեղծ են։
«Տեղեկություններն այն մասին, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի տասնյակ բնակիչների վրա հումանիտար օգնության բաշխման կետում, սուտ են», – ասվում է զինվորականների սոցիալական ցանցերում գրառման մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը նաև կոչ է արել «հենվել միայն հավաստի տեղեկատվության վրա»: