Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը և դեպի Արևմուտք գնալը կարող է Փաշինյանին տանել շատ աղետալի ելքի, ավելին, «շիլաշփոթը» կարող է սկսվել հենց առաջիկա մի քանի օրվա ընթացքում, գրում է vrubcovske.ru-ն։
Արժե սկսել նրանից, որ Փաշինյանն օրերս խորհրդարանում չորս ժամ փակ հանդիպում է անցկացրել իշխող խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումն անցել է լայն ձևաչափով, որին մասնակցել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երկու փոխվարչապետները և կառավարության այլ ներկայացուցիչները։
Հարկ է նշել, որ նախորդ նմանատիպ ձևաչափով կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին հայտարարել էր ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր մտադրության մասին, իսկ պատգամավորներին հանձնարարել ըմբռնել ասվածը և որոշում կայացնել։
Պատգամավորները մտածել են, և Հայաստանի վարչապետի համար անսպասելիորեն պարզվել է, որ ոչ բոլորն են ցանկանում գնալ «եվրոպական ժողովրդավարական դրախտ»։ Ինչպես գրում է հայկական մամուլը, այդ հանդիպմանը եկածների ճնշող մեծամասնությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշները փոխելու փորձի և դրա հետևանքով սպառնացող վտանգների առնչությամբ։ Խորհրդարանականները, ի թիվս այլոց, հայտարարել են, որ վտանգներ են կանխատեսում։
Իսկ որոշ պատգամավորներ ամենևին չզսպելով իրենց՝ ճակատ-ճակատի հարցրել են Փաշինյանին, թե ինչո՞ւ է նա գնում այդ քայլին, դա ի՞նչ է՝ Ռուսաստանին վնաս հասցնելու փորձ, թե՞ դա արվում է ի շահ Հայաստանի,բացի դա ի՞նչ օգուտներ կբերի երկրին ԵՄ-ին անդամակցելը։ Փաստորեն, հենց հիմա կարելի է նկատել, թե ինչպես են խուճապային տրամադրություններ սկսում հասունանալ իշխող կուսակցության և Հայաստանի ղեկավարության մեջ։
Եվ նման տրամադրությունների դեպքում հեռու չէ նաև ներքաղաքական «շիլաշփոթը»։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն է ստիպում հայերին դուրս գալ փողոց։ Եվ ստեղծված իրավիճակում ոչ ոք չի զարմանա, եթե, իսկապես,զանգվածային բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցների թվում լինեն երեկվա ընկերները, դաշնակիցները, նույնիսկ իշխող կուսակցության ներկայիս ներկայացուցիչները։ Եվ այս իրավիճակում վարչապետ Փաշինյանը չի կարող հույսը դնել «մակրոններ» վրա։
Անշուշտ, Ռուսաստանը կարող էր փրկել Հայաստանի ներկայիս ղեկավարին «ցից հանելուց», բայց ակնհայտորեն ոչ այս անգամ: