Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դիրքորոշումը հիշյալ բանաձևի վերաբերյալ հետևյալն է․
«Հայ դատի Եվրոպայի գրասենյակը երախտապարտ է Եվրոպական խորհրդարանին՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ օբյեկտիվ դիրքորոշման համար։
Իբրև համաեվրոպական բնույթի համայնքային կազմակերպություն՝ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և իր տեղական հանձնախմբերն ակտիվորեն աշխատել են և աշխատելու են Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի ամուր, սերտ և դինամիկ կապերի հաստատման համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար այն ուղին է, որով պետք է առաջ շարժվել՝ հանուն ամուր և կենսունակ հայկական պետականության։
Նկատենք` ի թիվս այլ դրույթների, Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝
– առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը՝ պայմանով, որ Հայաստանը շահագրգռված է և համապատասխանում է «Կոպենհագենյան չափանիշներին»։
– նախազգուշացնում է Ադրբեջանին` Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրության համար և ընդգծում` Նախիջևանի էքսկլավայի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով։
– Ադրբեջանին կոչ է անում անկեղծորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ միջազգային ներկայության ներքո իրենց տներն արժանապատիվ և ապահով կերպով վերադառնալու և ապրելու իրավունքը։
– Ընդգծում է` ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձանց և կազմակերպությանների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը,
– Ընդունում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի և Հայաստանի համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը»։