Հայերեն Russian

ՀՀ-ում գործող հակառուսական «կենտրոններին» նոր հանձնարարական է իջել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում ՀՀ իշխանությունների կողմից տարվող հակառուսական քաղաքականությունը նորանոր «երանգներ» է ստանում: Ի մասնավորի, ռուսական քաղաքական ու պաշտոնական շրջանակները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բավական կոշտ են տրամադրված՝ հնարավոր հետևանքների «ուրվագծերով», ինչի մասին, բնականաբար, հիանալի տեղյակ է նաև վերջինս: Ըստ այդմ, նա փորձում է իրականացնել «կոնտր»-քայլեր, այդ թվում՝ փորձելով հայկական քաղաքական ներկապնակում պրոռուսական ուժերին ու գործիչներին հնարավոր բոլոր տարբերակներով «փչացնել»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում գործող հակառուսական «կենտրոններին» նոր հանձնարարական է իջել՝ իրենց կողմից վերահսկվող տեղեկատվական հարթակներով ոչ միայն լոբբինգ անել ՀԱՊԿ-ից դուրս գալը և Հայաստանի ու Արցախի հետ կապված բոլոր դժբախտությունները կապել Մոսկվայի հետ, այլ նաև թիրախավորել այն մարդկանց, որոնք հայռուսական հարաբերություններում «անվտանգության բարձիկի» որոշակի դերակատարություն ունեն, այսինքն՝ իրենց կապերով կարողանում են որոշակիորեն մեղմել ՌԴ իշխանական վերնախավում տիրող տրամադրությունները՝ հստակ իրականացնել Հայաստանի դեմ այնպիսի գործողություններ, որոնց հետևանքները կկրեն ոչ միայն իշխանությունները, այլ նաև երկիրը։

Ի թիվս այլ անձանց, թիրախի կենտրոնում է հայտնվել նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը վերջին տարիներին ՌԴ-ում բավական բարձր պաշտոններ է զբաղեցնում ու իր ունեցած կապերի շնորհիվ կարողանում է իրականացնել այդ գործառույթը։ Հակառուսական կենտրոններին հրահանգվել է պարբերաբար հրապարակել նրա անվան հետ կապված նախկին այնպիսի պատմություններ, որոնց մասին անգամ Փաշինյանի իշխանության օրոք կան դատական վճիռներ առ այն, որ նա կապ չունի։ Այս մեթոդով խնդիր է դրվել «կտրել» Երևանի ու Մոսկվայի միջև լարվածության թուլացման վերջին կենտրոններն ու երկիրը տանել ուղիղ առճակատման ՌԴ-ի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝