«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբեմն տպավորություն է, որ Հայաստանը վերածվել է ամենաիսկական Չիկագոյի: Բայց՝ ոչ ժամանակակից, այլ անցյալ դարի 20-30-ականների գանգստերական «ռազբորկաների» Չիկագոյի: Մարդը ելել է փողոց, ծեծելով՝ տվել-սպանել են: 18 տարեկան տղան գնացել է քոլեջ՝ դասի, քաշել մի անկյունում դանակահարել՝ սպանել են: Մի երիտասարդ զույգ, երևի «նախկինների» ժամանակներին խաբվելով, կեսգիշերին վերադառնում էր վերջին կինոսեանսից, ու մեկ էլ՝ աջից են կրակում, ձախից են կրակում, ինչ-որ ավտոներ են «ճռռացնում», իբր այդ ամենը քիչ է, մի հատ էլ՝ «գը-գը՜մփ», նռնակ է պայթում: Մեկ ուրիշ դեպքում մարդուն իր մեքենայի մեջ ծեծում են դաժանաբար, կրակում են: Ու էլի, ու գրեթե ամեն օր…
«Կինո», բայց արդեն լրիվ իրականության մեջ… Կարծում եք, թե ձեզ ի՞նչ ենք նկարագրում: Ինչ-որ երևակայական բա՞ն: Ոչ, ընդամենը միայն վերջին մեկ՝ ոչ լրիվ շաբաթվա լուրերն ենք վերապատմում: Ընդամենը վերջին մեկ շաբաթվա: Երկրում կրիմինալ «բեսպրեդել» է: Կարճ ասած՝ «նյու-վասյուկի»՝ «օլդ չիկագոյական» կոկտեյլ՝ հնդկական մատուցմամբ: Լավ, ինչի՞ մասին է սա խոսում: Իսկ սա խոսում է այն մասին, որ իրավապահ համակարգը իրենց պաշտելի ղեկավար Նիկոլ Փաշինյանի սիրելի կետում է՝ «զրոյական»: Ամեն ինչով՝ զրո:
Ինչո՞վ են զբաղված ոստիկանությունն՝ իր բազմազան ստորաբաժանումներով (ջրային ու ցամաքային պարեկներ, քրեական հետախույզներ, հատուկջոկատայիններ, հա, չմոռանանք՝ «գործտվողներ»), այլ իրավապահ միավորները: Ասել, թե նրանք ոչնչով զբաղված չեն, ճիշտ չի լինի: Փաշինյանի ղեկավարության ներքո ոստիկանությունը, ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, դատախազություն, ու քննչականն էլ՝ ձեզ փեշքեշ, քիթ սրբելու ժամանակ չունեն: Չենք ծաղրում, լուրջ ենք ասում՝ գերզբաղված են: Բայց… ինչո՞վ: Ասենք: Հո գաղտնի՞ք չէ: Օրինակ՝ օրերով «ֆեյսբուքներում» նստած հետևում են, թե ով ինչ է գրել Նիկոլ Փաշինյանի հասցեին, որպեսզի վրա տան, հարձակվեն այդ մարդկանց վրա, գործեր հարուցեն, ճնշեն, բզկտեն, քարշ տան «քաղմաս»: Էլ ինչո՞վ են զբաղված: Զբաղված են ընդդիմադիր գործիչներին ճնշելով: Զբաղված են քաղաքական գործեր «կարելով»:
Զբաղված են Նիկոլ Փաշինյանի անձնական ու քաղաքական շահերը սպասարկելով… Այ, թե ինչով են զբաղված Փաշինյանի իրավապահները: Բա կարծում եք՝ հե՞շտ է: Էլ ժամանակ կմնա՞ իրենց գործով զբաղվելու համար: Հաջորդ խնդիրը, ինչի մասին խոսում է առկա վիճակը: Երկրում պետական իշխանությունը սաստիկ թուլացած է: Մշտական ստախոսության, թշնամու շահերի սպասարկման, ոչ ադեկվատ ու ոչ նորմալ դրսևորումներով, ինչպես նաև մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ օրվա իշխանությունը երկրում ոչ մի հեղինակություն չունի, ոչ մի բանի վրա իրական ազդեցություն չի կարողանում ունենալ, ոչ մի վստահություն ոչ մեկին չի ներշնչում: Ինչ-ինչ, բայց իշխանության թուլությունն ու իրավապահ մարմինների՝ «քաղաքական ժանդարմերիայի» վերածվելն ամենից արագ ու ամենից խորը զգում են քրեական տարրերը, քրեական արարքների հակված շրջանակներն ու անձինք:
Ավելին, երբ երկրում կառավարման առումով խայտառակ ու ապօրինի իրավիճակ է, յուրաքանչյուրն իր անձնական, կենցաղային, խմբակային հարցերը փորձում է լուծել իր իմացած եղանակներով ու միջոցներով: Էհ, մեկը վարչապետ է, կարողանում է ավտոշարասյունով տրորել-սպանել երիտասարդ հղի կնոջն ու նրա երեխային, որ շուտով պիտի ծնվեր, ու ոչ մի կերպ ոչ մի պատասխանատվության ոչ մեկը դրա համար չի ենթարկվում: Մեկ ուրիշն էլ, այդքան հնարավորություն չունի, բայց կարծում է, որ կարող է, օրինակ՝ կենցաղային հարցը լուծել՝ դանակը դիմացինի փորը մտցնելով, կրակելով: Եվ այսպես շարունակ: Մեկ ուրիշը, որ այլ հանգամանքներում պիտի սրան-նրան խնդրեր, որպեսզի ինչ-որ ակումբում «նիսյա» (ապառիկ) սուրճ կամ գարեջուր կլաներ, հիմա պետական ինչ-ինչ լծակների մոտ է հայտնվել, իրեն ամենատեր ու անպատիժ է կարծում, աջուձախ կրակում է… և էլի՝ այսպես շարունակ: Բացի ոստիկանության՝ «քաղաքական ժանդարմերիա» վերածվելուց, բացի՝ իրավապահ համակարգը մեկ անձի քմահաճույքների սպասարկման տակ դնելուց, այլ հանգամանքներ էլ կան:
Ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, 2018 թվականից սկսած շարունակաբար աճում ու բազմապատկվում է ներհասարակական ատելությունը, չարությունը, ներքին անհանդուրժողականությունը, իրարակերությունը: Դա քարոզվում է պետական ամենաբարձր ամբիոններից ու քարոզվում է առաջնահերթ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից: Պետական իշխանությունը դարձել է ատելության հուժկու գեներատոր: Այդ մաղձն ու չարությունը, այդ ատելությունը, բնականաբար, բազմապատկվում ու հակադարձվում են և ավելի ու ավելի շատանում: Դա չի կարող երկրում նման խայտառակ վիճակի չհանգեցնել, մանավանդ, քիչ վերը նկարագրված իրողությունների պայմաններում: Ու, ինչպես երևում է, այս չարացածությունը, այս՝ ներսից երկիրն ու հասարակությունը քայքայող ատելությունը հաղթահարելու մի տարբերակ կա. ազատվել ատելության գեներատոր իշխանությունից, որը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ իր անձնական շահի ու սեփական մաշկն անվնաս, աթոռն անսասան պահելու նպատակը: Իսկ դա ոչ մի կերպ չի համընկնում ապրելու և ապագա ունենալու՝ հասարակության շահերի հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում