Հայերեն Russian

«Եթե սրտացավ են Արցախի համար, թող գան, միասին քննարկենք». Արտակ Բեգլարյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մարտի 20-ին Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության մի շարք հասարակական կազմակերպություններ իրականացնելու են հանրահավաք: Քննարկելու են Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի, արցախահայերի իրավունքների ու տարբեր այլ խնդիրների մասին հարցեր։

168.am հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը փոխանցեց, որ հանրահավաքի առիթը, կարելի է  ասել, բնակարանային կարիքների ապահովման ծրագիրն է, սակայն իրականում միայն այդ հարցը չէ, որ բարձրաձայնվելու է, այլ նաև արցախահայերին առնչվող մի շարք հարցեր՝ հավաքական իրավունքներ, որոնք կարող են կապված լինել արցախահայերի վերադարձի հետ, բացի դրանից, սոցիալական ու հումանիտար բնույթի հարցեր։

«Սա ընդհանուր նախաձեռնություն է, իմ կազմակերպությունն անդամներից մեկն է, նախաձեռնությունն առաջնորդ չունի, սա կոլեգիալ պայքար է։

Ակնկալում ենք, որ հանրահավաքին կմասնակցեն ոչ միայն արցախցիներ, այլև բոլոր այն մարդիկ, որոնք մտահոգված են այդ հարցերով։ Եվ սա միայն արցախահայերի հավաք չէ, սա ուղղակի արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանության համար կազմակերպվող հավաք է։ Իսկ թե ինչ տեղի կունենա, արդեն որոշակի ծրագրեր կազմակերպիչներով մշակել ենք՝ կլինեն ելույթներ, համապատասխան հայտարարություններ։ Կարծում եմ՝ այդ օրը կհայտարարենք նաև մեր հաջորդ քայլերի մասին»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։

Հարցին՝ հավաքը շարունակական բնո՞ւյթ է կրելու, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մանրամասնել չի կարող, սակայն գործողություններն ու պայքարը միանշանակ շարունակական բնույթ են կրելու։

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի Արցախի ժողովրդի հիմնական իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվել։ Թե մարտավարական ինչ գործիքակազմերով այդ աշխատանքը կտարվի, մենք որոշումներն արդեն կկայացնենք։ Սակայն չեմ բացառում, որ այլ հանրահավաքներ էլ կարող են լինել, դա արդեն ժամանակի հարց է՝ կորոշենք»,- նշեց Արտակ Բեգլարյանը։

Իսկ մտավախություններ չունե՞ն, որ կմեղադրվեն Հայաստանում իշխանափոխության փորձ կատարելու մեջ, Արտակ Բեգլարյանը մեր այս հարցին պատասխանեց՝ դա պարզապես աբսուրդ է, քանի որ հանրահավաքում բարձրացնելու են արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցեր, և յուրաքանչյուր ոք հավաքների ազատություն ունի։

«Մեր կարծիքը Հայաստանի կառավարությունը, միջազգային հանրությունը շատ դեպքերում հաշվի չի էլ առնում, մենք ներառված չենք եղել որոշումների կայացման գործընթացում։ Եվ իրավիճակը հասել է այստեղ, որ ստիպված ենք հավաքի միջոցով բարձրացնել մեր խնդիրներն ու առաջարկել լուծումներ, իրականացնել հանրային քննարկում։ Հավաքը նաև քննարկման որոշակի գործառույթ ունի։ Այս հավաքը որևէ քաղաքական ուժի հետ առնչություն չունի ոչ Հայաստանից, ոչ Արցախից։ Սա բացառապես հասարակական-հանրային նախաձեռնություն է՝ նպատակը մեր ժողովրդի կարիքների ու իրավունքների մասին հարցերի քննարկումն է։ Բնականաբար, դա կապ ունի քաղաքականության հետ, և ցանկացած հարց կարելի է կապել քաղաքականության հետ, բայց մեր օրակարգում որևէ ներքաղաքական հարց չկա»,- հավելեց Արցախի նախկին պետնախարարը։

Արտակ Բեգլարյանից ճշտեցինք նաև՝ տեղեկություններ կա՞ն, Արցախի ղեկավար մարմիններից որևէ մեկը կմասնակցի՞ հանրահավաքին և հանրային ելույթ կհնչի՞: Արտակ Բեգլարյանը դժվարացավ ասել, սակայն վստահեցրեց, որ տարբեր շրջանակների հետ հանդիպումներ ու քննարկումներ իրականացրել են։

«Ովքեր ցանկանում են, մենք բոլորի առջև բաց ենք, բայց որևէ պաշտոնյա ներգրավվածություն չունի։ Հիմա պաշտոնյաները կարող են գալ հանրահավաքին՝ որպես սովորական անձինք ու սովորական քաղաքացի, ոչ ավելին։

Սա բոլոր արցախցիներին առնչվող խնդիր է՝ ուղիղ կերպով, անուղղակի կերպով ամբողջ հայ ժողովրդին է առնչվում, քանի որ Արցախին առնչվող հարցեր ենք քննարկելու։

Մարտի 6-ի քննարկումներից հետո որոշակի շտկումներ են եղել նաև դիրքորոշումներում։ Կարծում եմ, որևէ մեկը չպետք է տատանվի՝ հանրահավաքին գա՞լ, թե՞ չգալ, անկախ նրանից՝ Արցախի՞ց է, թե՞ ոչ։ Եթե սրտացավ են Արցախի համար, թող գան, միասին քննարկենք այդ հարցերը, որոնք բոլորիս են մտահոգում»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝