Այսօր Գալստըան կիրակին է. Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանը ներկայացրել է, թե ի՞նչ պետք է իմանալ Տիրոջ երկրորդ գալստյան մասին։
Նիկիակոստանդնուպոլսյան հանգանակում խոստովանում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ «գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու կենդանիներին և մեռյալներին, որի թագավորությունը վախճան չունի»: Ավետարանն ասում է. «Եվ այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն` եկած ամպերի վրայով` զորությամբ և բազում փառքով» (Մարկ. 13. 26): Երկրորդ գալստյան մասին է խոսում նաև Հուդա առաքյալն իր ընդհանրական թղթում` վկայակոչելով Ենովքի մարգարեությունը (Հուդա 1. 14-15):
Տիրոջ երկրորդ գալուստը տարբերվելու է առաջինից: Եթե առաջին գալստյան ժամանակ Հիսուս մարդկության փրկության համար աշխարհ եկավ, ապա երկրորդ գալստյանն արդեն գալու է Իր ամբողջական փառքով և հրեշտակների բյուրավոր բանակների ուղեկցությամբ` նստելու փառքի գահին և դատաստան անելու: Երկրորդ գալստին Հիսուս արդեն գալու է ոչ թե դատապարտվելու մարդկանց կողմից, այլ իբրև արդար Դատավոր դատելու, որին հնարավոր չէ կաշառել և խաբել:
Դարերի ընթացքում մարդիկ մշտապես սպասել են Տիրոջ երկրորդ գալստյանը, անգամ որոշակի ժամանակներ սահմանել և սխալվել: Թե երբ է լինելու աշխարհի վախճանը, ոչ ոք չգիտե: Այս մասին Հիսուս հստակ ասում է. «Բայց այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24. 36, Մարկ. 13. 32), իսկ Գործքը հավելում է. «Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը և ժամանակները, որոնք Հայրը հաստատեց Իր իշխանության մեջ» (Գործք 1. 7): Բայց Ավետարանը նաև պատգամում է մեզ միշտ արթուն լինել և աղոթել. «Զգո´ւյշ եղեք, հսկեցե´ք ու աղոթեցե´ք, քանի որ չգիտեք, թէ ե´րբ է ժամանակը…: Բայց ինչ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում` արթո´ւն կացեք» (Մարկ. 13. 33, 37):
Չնայած ոչ ոք չգիտե երկրորդ գալստյան ստույգ ժամանակի մասին, բայց մեր Տերն Ավետարանում բազմիցս խոսում է դրան նախորդող նշանների մասին՝
ա. Ավետարանը պիտի քարոզվի բոլոր ազգերին. «Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում` ի վկայություն բոլոր հեթանոսների, և ապա պիտի գա վախճանը» (Մատթ. 24. 14):
բ. Կեղծ Քրիստոսներ ու մարգարեներ կհայտնվեն, որոնք Տիրոջ անունով մարդկանց կմոլորեցնեն, մեծամեծ հրաշքներ ու զարմանալի գործեր կկատարեն (տե´ս Մատթ. 24. 5, 24-27, Մարկ. 13. 5-7, 21-22, Ղուկ. 21. 8):
գ. Նեռը` հակաքրիստոսը կամ դերաքրիստոսը պիտի աշխարհ գա: Ս. Գրքում այն օգտագործվում է երկու իմաստով. նախ` ընդհանրապես այս անունը տրվում է Քրիստոսի հակառակորդներին և քրիստոնյաներին հալածողներին. «Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է, բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր, դրանից էլ կարող եք իմանալ, որ վերջին ժամանակն է» (Ա Հովհ. 2. 18): Եվ երկրորդ` կիրառվում է Քրիստոսի այն հակառակորդի դեպքում, որ աշխարհ պիտի գա նախքան աշխարհի վախճանը: Պողոս առաքյալը նրան անվանում է «անօրենության մարդ» (տե´ս Բ Թես. 2. 3-11): Եկեղեցական որոշ հայրեր և մատենագիրներ (Ս. Կյուրեղ Երուսաղեմացի, Եվսեբիոս Կեսարացի, Ս. Եփրեմ Ասորի), հիմնվելով Հայտնության գրքում նշված «գազանի» թվի` 666-ի հունարեն անվանական համարժեքի վրա, այն նույնացնում են Ներոն կայսեր հետ, որը դաժանաբար հալածում էր քրիստոնյաներին: Ս. Գրիգոր Տաթևացին Նեռի թվային հայերեն համարժեքը` ՈԿԶ մեկնաբանում է այսպես. «Ուրանամ կամաւ զԱրարիչն» (ուրանում եմ կամովին Արարչին):
դ. Չարի իշխանությունը պիտի տարածվի. «Եվ անօրենության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ. 24. 12): Իսկ Պողոսը հավելում է. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, ովքեր ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3. 1-5): Այս ամենով հանդերձ, «երբ Մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18. 8):
ե. Ս. Գիրքը հավելում է նաև. «Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր. զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն` թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: Այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ. և Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինեք: Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն» (Մատթ. 24. 4-10): Սա էլ ամենը չէ, քանզի «արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն: Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով` զորությամբ և բազում փառքով: Եվ Նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հավաքեն նրա ընտրյալներին չորս կողմերից` երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մատթ. 24. 29-31): Եկեղեցու հայրերն ավետարանական այս հատվածի «Մարդու Որդու նշան» արտահայտության ներքո հասկացել են փրկարար Խաչը:
Երկրորդ գալուստը լինելու է հանկարծակի. «Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այնպես կլինի» (Մատթ. 24. 27), «Ինչպես ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, – երբ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց բոլորին, – այնպես պիտի լինի Մարդու Որդու գալուստն էլ» (Մատթ. 24. 38-39):
Գիտենալով վերոգրյալը` քրիստոնյայի պարտքն է ամեն ժամ պատրաստ լինել դրան, որի մասին խոսում են նաև սուրբ հայրերը, երբ խորհուրդ են տալիս ամեն օրն ապրել վերջին օրվա նման: Տիրոջ երկրորդ գալստյան և դատաստանի մասին մտածումները պիտի խթան հանդիսանան, որ մենք առաջին հերթին մտածենք մեր ապրած կյանքի մասին: Ի՞նչ կյանք ենք վարում, ինչպիսի՞ արժեքներով ենք իմաստավորում կամ փչացնում աստվածապարգև կյանքը: Չէ՞ որ քրիստոնեական վարդապետության տեսանկյունից երկրային և ժամանակավոր այս կյանքը նախապատրաստությունն է երկնային կյանքի: Իրականում քրիստոնյայի համար կարևորը ոչ թե ապրած տարիների քանակն է, այլ որակը: Քանի որ կարող ես երկար ապրել, բայց առանց աստվածճանաչողության, և հակառակը` կարճ, սակայն իմաստավորված Տիրոջով:
Ուստի մենք ամեն ինչ պետք է անենք մյուս կյանքում` հավիտենականում ապրելու համար: Բայց շատերի ապրելակերպը ճիշտ հակառակն է ցույց տալիս` ամեն ինչ անում ենք այս կյանքն ապրելու համար, որի վկայությունն է նաև ժողովրդական խոսքը. «Մարդ մեկ անգամ է ծնվում, ուստի ամեն ինչ էլ պետք է անի և փորձի»: Ինքներս մեզ հարց տանք` ի՞նչ ենք անում, որ Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ պարզերես կանգնենք նրա առաջ և հենց Նրանից լսենք այնքան բաղձալի խոսքերը. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատ