Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,- ասաց Հակոբյանը։
Այս պահին երթևեկության սահմանափակումներ կան կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ մերկասառույցի պատճառով:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Մարտի 16-ին հայտնել էինք, որ Լարսն ամբողջությամբ փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եղանակային պայմանների վատթարացման պատճառով: