Հայերեն Russian

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը ցեղասպանության պատժի և կանխարգելման այլընտրանքային իրողությունների վերաբերյալ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը իր հարգանքի տուրքն է մատուցում ցեղասպանության հանցագործության պատժի և կանխարգելման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր նվիրյալներին։ Այս մասին ասված է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության ցեղասպանության պատժի և կանխարգելման այլընտրանքային իրողությունների վերաբերյալ հայտարարության մեջ։

«103 տարի առաջ մարտի 15-ին Բեռլինում տեղի ունեցավ ցեղասպանության հանցագործության պատժի այլընտրանքային նախադեպ՝ ի դեմս Սողոմոն Թեհլիրյանի կողմից Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետ Թալաաթ փաշայի սպանության։

Առաջին աշխարհամարտի պայմաններում Օսմանյան երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ դեռևս Աբդուլ Համիդի կառավարման շրջանից գործնական կիրառում գտած Հայոց ցեղասպանության լայնամասշտաբ իրականացմանը։

Հայկական կոտորածներն ու արտակարգ դաժանություններով ուղեկցվող տեղահանությունն իրականացվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև կայսրության մնացյալ հայկական ու հայաբնակ շրջաններում։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Օսմանյան նոր կառավարությունը դատական պատասխանատվության ենթարկեց երիտթուրքական կառավարության անդամներին՝ Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար:

Մինչդեռ հանցագործները վաղուց կայսրությունում չէին և նրանց նկատմամբ պատժի իրագործման որևէ մեխանիզմ չէր գործում։ Ահա արդարադատական այդ բացը եկավ լրացնելու պատերազմական և ցեղասպանության բոլոր դառնությունները վերապրած 25-ամյա Սողոմոն Թեհլիրյանը, ով Բեռլինում Թալաաթի հետ հաշվեհարդար տեսավ անմիջապես փողոցում՝ առանց վարանելու և փախչելու, այլ պատրաստ կանգնելու դատարանի առաջ՝ հաստատակամորեն պնդելով իր արարքի ողջ արադացիությունը։

Թվում է, թե ցեղասպանության պատժելիության այս օրինակը կարող է դաս լինել բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կմտադրվեն իրագործել մարդկության դեմ այդ մեծագույն հանցագործությունը։ Սակայն ավելի քան հարյուրամյա հեռավորությունն այս պատմական իրադարձությունից պարզ վկայում է, որ քաղաքակրթական գագաթներ ստեղծող մարդկությունը դեռ ի զորու չի եղել ստեղծել արդարադատության այնպիսի համակարգ, որն ամբողջությամբ կբացառի ցեղասպանության կրկնությունը։ 1914-1923 թթ․ Հայոց ցեղասպանությանը հաջորդեցին այլ ցեղասպանություններ, որոնց պատժելիությունը, թերևս, խիստ թեական է։

Վերջին ավելի քան երեք տասնամյակների ընթացքում հայությունը կրկին առերեսվեց փուլային և ժամանակակից լուծումներով կատարելագործված ցեղասպանական գործողությունների։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը ամբողջության ենթարկվեց բռնի տեղահանման, հայկական մշակութային միջավայրը ենթարկվեց անօրինակ խեղումների և ոչնչացման։ Նման անպատժելիությունը հնարավորություն տվեց ադրբեջանական վարչակարգին 2020-2023 թթ․ հայաթափել ողջ Լեռնային Ղարաբաղը՝ պատերազմական հանցանքների, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների, ենթակառուցվածների թիրախավորման, հումանիտար աղետի, ռազմական հռետորաբանության ու ռասիստական քարոզչության ուղեկցությամբ։

Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո Ադրբեջանը շարունակում է ողջ հայկական մշակութային ժառանգության շուտափույթ ոչնչացումը։ Ի՞նչ է սա, եթե ոչ ավելի քան մեկ դար ձգված համաշխարհային իրավական հետընթացի և հանցանքների անկառավարելիության իրողություն։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը իր հարգանքի տուրքն է մատուցում ցեղասպանության հանցագործության պատժի և կանխարգելման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր նվիրյալներին և հույս հայտնում, որ մոտ ապագայում համաշխարհային հանրությունը և միջազգային իրավարար կառույցները բավարար կամք կդրսևորեն համապատասխան պատասխանատվության ենթարկելու վերջին երեք տասնամյակների ընթացքում գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության և Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ գործված հանցանքների պատասխանատուներին»,- ասված է հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝