Հայերեն Russian

Արշակ Կարապետյանը կարող է փոխել Հայաստանի ճահճացած ներքաղաքական դաշտը

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի քաղաքական հայտը և նրա շուրջ հանրային և քաղաքական լայն կոնսոլիդացիան կարող են էականորեն փոխել Հայաստանի ճահճացած ներքաղաքական դաշտը:

Գեներալ Արշակ Կարապետյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ գնդապետ Խաչիկ Ասրյանի միությունը հայ հանրության մոտ հույս է առաջացնում, որ պարտությունների և կորուստների փաշինյանական շրջանին կա իրական այլընտրանք, Հայաստանը կարող է կյանքի և ապագայի հեռանկար ունենալ:

Հայ հանրությունն այլևս հույս չի կապում քաղաքական  դաշտի գործող խաղացողների հետ: Իշխանության մասով ամեն ինչ պարզ է. գործող իշխանությունը պարտության, դավաճանության, ազգային շահերի ուրացման խորհրդանիշն է: Ընդդիմությունը, որը հիմնականում կազմված է նախկին իշխանությունների ներկայացուցիչներից, մի քանի անգամ փորձ կատարեց իրականացնել իշխանափոխություն՝ փողոց-ընտրություններ-փողոց սխեմայով, բայց  ձախողեցին: Թե որն էր այդ անհաջողությունների պատճառը`հասարակության ոչ բավարար աջակցությունը նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ, թե ընդդիմադիր գործիչների ոչ բավարար վճռականությունը՝ առաջնորդելու հանրային շարժումը, մեզ համար այս պահին այնքան էլ էական չէ: Ավելի կարևոր է արդյունքը. այդ ուժերն արդեն ընդունել են, որ իրենք անկարող են երկրում ինչ-որ բան փոխել, իսկ դատարկ քննադատությունը, որն ավելի շուտ հոգեվարքի մեջ գտնվողի խռխռոցի է նման, իրավիճակի վրա էական ազդեցություն չի կարող ունենալ:

Եվ, ահա՛,  համընդհանուր հուսահատության և անհեռանկարայնության  պայմաններում՝ քաղաքական դաշտի վակումը լրացնում է գեներալ Արշակ Կարապետյանը, ով հայտարարում է «Համահայկական ճակատ» շարժում սկսելու մասին և դաշինք է կնքում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հետ: Շարժմանը միանում են այլ ուժեր ևս: Հասարակությունը դանդաղ, բայց ավելի ու ավելի հետևողականորեն սկսում է իր հայացքն ուղղել նոր շարժման և նրա առաջնորդների կողմը, մարդկանց մոտ հույսի և հավատի զգացողություն է առաջանում:

Փաշինյանը, սարսափած այս միասնությունից, փորձում է վարկաբեկել Արշակ Կարապետյանին, բայց անօգուտ, նրա կողմից գործի դրված բումերանգը գալիս և հարվածում է իրեն: Հայ հասարակությունը գիտի, ուղղակի վստահ է, որ Փաշինյանը որևէ հարցի վերաբերյալ չի կարող ճիշտ բան ասել, նա ստի և կեղծիքի, Ադրբեջանի պահանջները հեզաբար կատարելու խորհրդանիշ է: Իսկ, եթե փորձում է վարկաբեկել Արշակ Կարապետյանին, նշանակում է՝ վախենում է նրանից, նրա շարժման գործունեությունից:

Այս շարժումը կարող է հանրային լայն վստահություն ստանալ և հաջողել, քանզի, ի տարբերություն մինչև այժմ ստեղծված քաղաքական ընդդիմադիր միավորումների, «Համահայկական ճակատն» առաջնորդում  են զինվորականներ, մարտական փորձ ունեցող, իրենց հայրենիքի և երկրի համար կյանքը չխնայած մարտական հրամանատարներ: Մարդիկ, ովքեր պատրաստ են առաջնորդել և պատասխանատու լինել իրենց հրամանների ու գործողությունների համար: Նրանք չեն ընկրկել, չեն փախել ռազմաճակատից և չեն ընկրկի ու չեն փախչի ներքաղաքական պայքարից: Նրանք ունեն կայուն և ընդհանուր գաղափարական համոզմունքներ`ուժեղ պետություն` հիմնված ազգային արժեհամակարգի և բարոյականության վրա, կայուն և անդավաճան հարաբերություններ ռազմաքաղաքական և տնտեսական դաշնակից Ռուսաստանի հետ, գործընկերային հարաբերություններ հարևան և բարեկամ երկրների հետ: Այո՛, անդավաճան, քանի որ այն, ինչով այսօր զբաղված է Հայաստանի իշխանությունը, այլ կերպ, քան դավաճանություն չի կարելի համարել. լինելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ, Հայաստանի իշխանությունը բացահայտ ու թաքուն խաղեր է տալիս Ռուսաստանի թշնամի երկրների և կառույցների հետ, ինչպիսին է ՆԱՏՕ-ն:

Վերադառնալով «Համահայկական ճակատ» շարժմանն՝ ուզում ենք հույս հայտնել, որ շարժումը կկարողանա Հայաստանի փրկությունը կազմակերպել մինչ այն պահը, երբ Փաշինյանին կհաջողվի վերջնականապես կործանել Հայաստանը, որի դեպքում էլ փրկելու բան էլ չի լինի: Պե՛տք է լինել զգո՛ն և գործե՛լ արագ ու վճռական, քանի որ ժամանակը շատ քիչ է, եթե այն ընդհանրապես կա:

Առաքել Առաքելյան

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝