Այսօր՝մարտի 21-ին, վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներն ու Ջերմուկ քաղաքի ճանապարհներն սպասարկող ճանշինականները հսկայական աշխատանքներ են կատարել և շարունակում են կատարել Երևան-Մեղրի ավտոճանապարհի M2-ից դեպի Ջերմուկ տանող հատվածում ժայռաբեկորների ու քարաթափման հետևանքով 1 օրից ավելի փակված ճանապարհը բացելու ուղղությամբ։
Ճանապարհաշինարարները անգամ անձրևի տակ չեն դադարեցնում իրենց աշխատանքը, ինչի շնորհիվ այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է և երթևեկությունը շարունակվում է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, մարտի 20-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վայոց ձորի մարզում: Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհին՝ դեպի Ջերմուկ՝ հսկայական ժայռաբեկորների ու քարերի թափման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ դարձել էր անանցանելի:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 67 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները:
Տարածքը պարեկներն ու փրկարարները սահմանազատել էին, տեղում իրականացրել էին հերթապահություն:
Ճանապարհը բացելու համար պետք է օգտագործվեր հատուկ տեխնիկա:
Խնդրի մասին տեղեկացվել էր Վայոց ձորի մարզպետարանին և Ճանապարհային դեպարտամենտին:
Նշված հատվածում հաճախակի են լինում քարաթափման դեպքեր, որոնց մասին մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր է հրապարակել: