Հայերեն Russian

Նախագահական նստավայրում տրվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր պաշտոնապես մեկնարկել են Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

Միջոցառմանն իր ողջույնի խոսքն է հղել նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Շառլ Ազնավուրի ընտանիքի սիրելի անդամներ,

Պետական այրեր,

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մեկնարկում են ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Պատահական չէ, որ այդ մեկնարկը տրվում է հենց Հանրապետության նախագահի նստավայրից, քանի որ Ազնավուրը ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զավակն էր, այլև Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամը և մեր երկրի դեսպանը:

Չափազանց դժվար է տարանջատել Ազնավուր երգչին, երգահանին, դերասանին ու բանաստեղծին, հասարակական գործչին ու բարերարին:

Դժվար, որովհետև աշխարհում յուրաքանչյուր հայ ունի իր Շառլին՝ որպես իր ամենասիրելի շանսոնյե, որպես տաղանդավոր դերասանի, որպես երգահանի, որպես մեծագույն բարերարի, և այս շարքը շատ երկար կարելի է թվարկել:

Նրա տաղանդի մասին կարելի է երկար խոսել: Այս առումով իր ինքնակենսագրական գրքում նա գրել է. «… Միշտ չէ, որ տաղանդավոր մարդը միանգամից աչքի է ընկնում: Իսկական տաղանդը հիմնականում համեստ է և ամոթխած: Բայց մի օր նրան անպայման նկատում են, բացահայտում: Դրա համար էլ դու պետք է հավատաս քո ուժերին և չվախենաս մարդկանց քո ընդունակություններով ներկայանալուց: Չմոռանաս նաև համբերատարության մասին. մի օր կգա նաև քո ժամը»:

Ազնավուրի ստեղծագործությունն արվեստի անվերջ աշխարհ է իր ամբողջ գույներով, հնչյուններով, բառերով: Դրանով էլ պայմանավորված անհնար է գնահատել Շառլ Ազնավուրի ներդրումը, համարձակվում եմ ասել, համաշխարհային մշակույթի գանձապնակում, որովհետև իր հարուստ ստեղծագործական կյանքի ընթացքում նա կերտել է անմահ արժեքներ բոլոր այն բնագավառներում, որտեղ գործել է:

Նրան ներկայացնելը շատ դժվար է, հաշվի առնելով իր բազմաբովանդակ գործունեությունը: Եվ, միաժամանակ, շատ հեշտ, որովհետև նա պարզապես Շառլ Ազնավուրն է:

Հարգելի ներկաներ,

Օգտվելով այս տոնական առիթից, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքին իրենց գործունեության համար, որը միտված է մեծ արվեստագետի ու բարերարի գործի շարունակությանը՝ ստեղծելուն, ապրեցնելուն ու արարելուն:

Շնորհակալություն եմ հայտնում նաև այսօրվա միջոցառման կազմակերպիչներին:

Շնորհավորում եմ բոլորիս և հայտարարում Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը»,- նշել է Խաչատուրյանը:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝