Եվրամիությունը մտադիր է 70 միլիոն եվրո հատկացնել ստեղծվող հիմնադրամին՝ ապահովելու համար ծովային միջանցքի անխափան գործունեությունը, որով մարդասիրական օգնություն է առաքվում Գազայի հատվածի բնակիչներին։ Դրա մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը։ Նրա հայտարարությունների տեքստը տարածել է կառավարության Մամուլի և տեղեկատվության գրասենյակը:
«Այսօր Կիպրոսում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել 36 պետության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացված էին ԵՄ երկրները, Մեծ Յոթնյակի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, որպեսզի նախ տեսնեն՝ ինչպես կարելի է տեխնիկական մանրամասներ մշակել մեր երկրի նախաձեռնության իրականացումն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար, և երկրորդ՝ քննարկել հիմնադրամի ստեղծումը, որը հնարորություն կընձեռի էլ ավելի մեծացնելու մարդասիրական օգնության ծավալը Գազայի հատվածում»,- ասել է Կիպրոսի ղեկավարը։
Նիկոս Խրիստոդուլիդեսը նշել է նաև, որ Եվրամիությունը կհատկացնի մոտ 70 միլիոն եվրո՝ որպես առաջին ներդրում այս հիմնադրամում: Շատ երկրներ շահագրգռված են հիմնադրամի ստեղծմամբ և գործարկմամբ: Ըստ Կիպրոսի նախագահի՝ այդ թեման կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ներկայությամբ: