Հայերեն Russian

Արշակ Կարապետյանը կարո՛ղ է համախմբել ազգային հայրենասիրական ուժերը, Հայաստանի քաղաքական դաշտը

Հայաստանի իշխանությունը գտնվում է անհայրենիք, օտարահպատակ և ազգայինը մերժող ուժերի ձեռքում: Սրանք դավանում են, այսպես կոչված, գլոբալիստական արժեքներ, որոնց իմաստն իբրև թե այն է, որ իրենք գործում են հանուն համընդհանուր բարեկեցության և զարգացման՝ չսահմանափակվելով մեկ առանձին երկրի սահմաններում. իրենք համամարդկային արժեքների ու նպատակների կրող են:

Իրականում այդ գաղափարախոսության կրողները պատրաստ են զոհաբերել իրենց հայրենիքը, նրա ազգային և պետական շահերը՝ հանուն իրենց դրսի տերերի և հրահանգիչների:

Հայաստանի ապազգային, անհայրենիք ուժերը միասնական են, նրանք ղեկավարվում են մեկ կենտրոնից, և դրա համար նրանց հաջողվում է պահել իշխանական լծակները՝ կործանելով մեր հայրենիքը:

Ի տարբերություն ապազգային լիբերալ-գլոբալիստների՝ ազգային հայրենասիրական ուժերը գործում են առանձին և անջատ: Չնայած նպատակի ընդհանրությանը, այն է՝ Հայաստանի պետության հզորացում և նրա վերածնունդ, նրանք չեն կարողանում միավորվել, քանի որ չկա այն առանցքը, այն կենտրոնը, որի շուրջ այդ ուժերը կարող են միավորվել և միասնաբար ծառայել այդ նպատակին:

Նման միավորող առանցք կարող է դառնալ գեներալ Արշակ Կարապետյանի  ձևավորած «Համահայկական ճակատ» շարժումը: Կարող է, եթե առաջնորդվի մի քանի սկզբունքներով: Փորձենք միասին հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ քաղաքական դաշտի ազգային հայրենասիրական հատվածը միավորելու համար:

Առաջին և ամենակարևոր նախապայմանը՝ անձնական ամբիցիաներն ու հավակնությունները մի կողմ դնելու կարողությունն է, գիտակցումը, որ շարժման հիմնական նպատակը Հայաստանի փրկությունն է ներկա կործանարար ռեժիմից, և ոչ թե ինչ-որ մարդկանց ամբիցիաների բավարարումը՝ լինի՛ դա նախարարի, մարզպետի կամ վարչության պետի մակարդակով:

Բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ տապալվել են հենց միայն այն պատճառով, որ այդ շարժումների ներսում սկսվել է պաշտոնակռիվ, դեռ արջը չսպանած`իշխանության չեկած, փորձել են մորթին կիսել ու տապալվել են:

«Համահայկական ճակատ» շարժման հաջողության մյուս կարևոր գործը պետք է լինի գործելու վճռականությունը, այն առաջնորդելու համար անհրաժեշտ խիզախությունը:

Շարժման առաջնորդը պետք է կարողանա վճռական պահին իր վրա պատասխանատվություն վերցնել՝ անհրաժեշտ հրահանգներ տալու և առաջնորդելու իրեն հավատացող և վստահող ժողովրդին։

Մենք ականատես ենք եղել դեպքերի, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ընդդիմության առաջնորդների կոչով դուրս են եկել փողոց, սակայն ի վերջո վերադարձել են տուն, քանի որ այդ մարդիկ չեն ցանկացել կամ չեն կարողացել իրենց վրա պատասխանատվություն վերցնել առաջնորդելու պայքարը՝ բավարարվելով, այսպես կոչված, ֆիթնես տուր կազմակերպելով Երևանի փողոցներով. մարդկանց այնքան քայլեցնելով, որ նրանք այլևս ուժ չունենան փողոցում մնալու:

Շարժման առաջնորդը պետք է անկեղծ լինի իր լսարանի և հետևորդների համար: Հանրությունը պետք է վստահ լինի, որ շարժման առաջնորդը իրենց թիկունքում իշխանության կամ այլ ուժերի հետ չի գնա սեպարատ բանակցությունների, հրապարակում չի ասի մի բան, իսկ իրական կյանքում անի հակառակ գործողություններ: Միայն փոխադարձ վստահությունն է ընդունակ ապահովելու համերաշխություն և միասնություն շարժման առաջնորդի և հասարակության միջև:

Շարժման առաջնորդը պետք է ձևակերպի շարժման հստակ նպատակներն ու անելիքները, նաև հաղթանակի դեպքում՝ Հայաստանի սպասելիք հեռանկարը: Մարդիկ պետք է հասկանան, թե հանուն ինչի են դուրս գալիս պայքարի, հաղթանակի դեպքում ինչ է սպասում իրենց հայրենիքին`Հայաստանի Հանրապետությանը, ինչ փոփոխություններ են լինելու երկրի և նաև իրենց կյանքում:

Այս պայմանների բավարարման դեպքում՝ «Համահայկական ճակատ» շարժումն իսկապես կարող է դառնալ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ՝ ընդգրկելով հարյուր հազարավոր և միլիոնավոր հայրենակիցների՝ ապահովելով ինչպես շարժման հաջողությունը, այնպես էլ Հայաստանի զարգացումն ու հզորացումը:

Առաքել Առաքելյան

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝